«Մեր աղբյուրները շարունակում են զավեշտալի մանրամասներ պատմել ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի քննարկումից։ Քննարկումն անչափ բուռն է ընթացել, որովհետև օրենքի կնքահայր և կնքամայր Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը պնդել են, որ այն պետք է ընդունվի առանց դույզն-ինչ փոփոխության՝ այդպիսին է ԵՄ-ի պահանջը։
 
Բերվել է Վրաստանի օրինակը, որտեղ օրենքն ընդունվել է փոփոխություններով, սակայն կես տարի անց ԵՄ-ն պահանջել է օրենքը նախկին «տեսքին» բերել. վրացիք ստիպված են եղել փոխել: Իսկ հաջորդ օրենքը, որը ևս տնային աշխատանքի շրջանակներում կարելի է դիտել, «Խտրականության մասին» օրենքն է, որն ընդհանրապես հունից հանել է ադաթավոր ՀՀԿ-ականներին։
 
Նրանց ընդհատել են, որ այդ օրենքները գրվել են ոչ թե Արդարադատության նախարարությունում, այլ` դեսպանատներից մեկում: Առարկել են՝ ասելով, որ ընտանեկան բռնության և խտրականության մասին օրենքները բխում են ստամբուլյան կոնվենցիայից, իսկ Հայաստանը չի ստորագրել այդ կոնվենցիան, առաջարկել են նախ վավերացնել այն, հետո նոր մտածել օրենքների ընդունման մասին: Դավիթ Հարությունյանը պնդել է հակառակը:
 
Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ում կարծում են, որ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանին էլ է ձեռնտու դա. ժամանակ կշահի, ապա կասի՝ դիմադրություն կա երկրում՝ օրենքի անընդունելի դրույթները պետք է փոխվեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել