Մասնագետները ստուգել են, թե որքանով է խոցելի դեմքերը ճանաչելու Face ID համակարգը, որը ներկառուցված է Apple-ի նոր iPhone X սմարթֆոնում: Հիշեցնենք, որ սա մարդկային դեմքի սքանավորման և սմարթֆոնի տիրոջը ճանաչելու նոր համակարգ է, որը եկել է փոխարինելու մատնահետքի ճանաչման սովորական համակարգին, քանի որ այն մշտապես հայտնվել է քննադատությունների թիրախում:

iPhone X-ի ներկայացման ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, Apple ընկերության փոխնախագահ Քրեյգ Ֆեդերինիին չհաջողվեց ապաարգելափակել սմարթֆոնը՝ նայելով տեսախցիկին, քանի որ Face ID համակարգի աշխատանքը խափանվեց, սակայն երկրորդ փորձը հաջող անցավ։

Այնուհետև արդեն Apple ընկերությունը խոստովանեց, որ իր կենսաչափական նույնականացման համակարգը կատարյալ չէ և չի գործում 13 տարեկանից փոքր երեխաների, քույր-եղբայրների դեպքում, էլ չասենք երկվորյակների մասին: Բոլոր նրանք, ովքեր չեն համապատասխանում թվարկած պայմաններին Face ID-ի համար, ընկերությունը խորհուրդ է տալիս օգտագործել սովորական գաղտնաբառով տարբերակը:

Եվ ահա վերջերս էլ հայտնի դարձավ, որ հենց Face ID-ի հետ կապված խնդիրների պատճառով iPhone X-ի վաճառքի ծավալները այս տարի կկրճատվեն գրեթե կիսով չափ:

Օրերս Mashable-ը հրապարակել էր Face ID-ով երկվորյակների հետ իրականացված փորձի տեսանյութը:

Նախ մի եղբայրն է գրանցվում Face ID համակարգում և այնուհետև փոխանցում սարքը մյուս եղբորը, ու վերջինս արդեն առանց խնդրի կարողանում է ապաարգելափակել սարքը: Համակարգը ոչ մի անգամ չի կարողանում ճիշտ ճանաչել սմարթֆոնի տիրոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել