Ուզբեկստանի նախագահը վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Թուրքիա։ Այցի շրջանակներում Անկարան ու Տաշքենդը ստորագրել են ընդհանուր 3.5 միլիարդ դոլարի ավելի քան 30 համաձայնագիր։ Դրանք վերաբերում են էներգետիկային, տրանսպորտին, արդյունաբերությանը, շինարարությանն ու գյուղատնտեսությանը։

Կողմերը հայտարարել են ապրանքաշրջանառությունն այսօրվա 1.2 միլիարդ դոլարից մոտակա տարիներին 3-4 միլիարդ դոլար հասցնելու մասին։
Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիդ Կամիլովը, գնահատելով երկրի նախագահի այցը Թուրքիա, երկկողմ հարաբերությունները գնահատել է որպես ռազմավարական համագործակցություն։

Թուրքիան միշտ էլ Կենտրոնական Ասիան` թյուրքախոս, սուննի բնակչությամբ, գնահատել է որպես ազդեցության գոտի ու ռազմավարական կարևորության ուղղություն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Անկարան միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարել Ղազախստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում և տարածաշրջանի այլ երկրներում։

Լեզվի, կրոնի, պատմության ընդհանրությունը այն soft power-ն է, որն Անկարան լայնորեն օգտագործելու է այդ տարածաշրջան դուրս գալու համար, իսկ 30 միլիոն բնակչությամբ, զարգացած արդյունաբերությամբ, ռազմական ներուժով, հանքային ռեսուրսներով հարուստ Ուզբեկստանն այն երկիրն է, որը միշտ փորձել է խուսանավել, «չհենվել» միայն Մոսկվայի, Արևմուտքի կամ Չինաստանի վրա։

Ինչ վերաբերում է թուրք-ուզբեկական հարաբերությունների ապագային, ապա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը թույլ կտա Անկարային ադրբեջանական լոգիստիկայով դուրս գալ Կենտրոնական Ասիա, իսկ Ուզբեկստանն էլ իր հերթին արդեն իսկ հայտարարել է, որ հետաքրքրված է ԲԹԿ-ով՝ որպես իր ապրանքները դեպի Արևմուտք տեղափոխելու այլընտրանքային, լրացուցիչ միջանցքով։

Թուրքական 80 միլիոնանոց շուկան ուզբեկական ապրանքների համար լավ հնարավորություն է, իսկ Անկարան էլ իր պանթուրքական, պանթուրանական, պանիսլամական արտաքին քաղաքականության շրջանակներում, որը նոր թափ է ստացել Էրդողանի օրոք, փորձելու է ամրապնդվել այդ տարածաշրջանում` թուրքական կապիտալն ու կրթական, մշակութային ներկայությունը վերածելով ռազմա-քաղաքական ազդեցության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել