Ասում ենք՝ Արցախի խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Համաձայն եմ։ Իմ պատկերացմամբ՝ երկու լուծում կա, ու, այո, երկուսն էլ՝ ցավոտ։

Մեկը բանակցային լուծումն է՝ մի բան հանձնելու-մի բան վերցնելու, այսօրվա քննարկվող փաթեթը։ Ինչ-որ բան հանձնելն, իհարկե, ցավոտ է։

Մյուս լուծումը ոչ մի բան էլ չհանձնելն է, այսօրվա պես շարունակելն է, խնդիրը սերնդեսերունդ փոխանցելը։ Սա էլ ցավալի լուծում է, քանի որ անընդհատ կլինեն լարումներ ու պատերազմներ, անընդհատ կլինեն կորուստներ ու զրկանքներ։ Ահա սրանք են երկու տարբերակները, ցավոտ լուծումները։ Վերջին ժամանակների դիտարկումներս ինձ կամաց-կամաց տանում են դեպի խնդրի լուծման երկրորդ տարբերակ։ Դուխով։

Լրացված

Փորձեմ ինքս ինձ խմբագրեմ:

ԼՂ հիմնահարցի լուծումներ:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կլսի այն, ինչ ինքն է ցանկանում լսել: Դա բնության օրենքն է: Ցավալի օրենք է, բայց այդպես է:

Մեկի պատկերացմամբ՝ ցավալին հանձնելը կամ հանձնվելն է:

Մյուսի համար ցավալին այն է, որ հարցը չենք լուծի, կպայքարենք սերունդներ շարունակ և սերնդից սերունդ կփոխանցենք խնդիրը՝ միշտ պատրաստ լինելով զենքով պաշտպանելու մեզ: Սա մեր տղաների կյանքի գնով է լինելու: Միայն չասեք, որ ցավալի չէ գիտակցել, որ սա է գինը մեր շահերին հասնելու համար:

Ես լսել եմ երկրորդը: Իմ պատկերացմամբ՝ ցավալին պայքարելն է և չեմ պատրաստվում հանձնվել: Հանձնելը ցավալի չէ, հանձնելն անցավ է լինելու, քանի որ մենք էլ այլևս չենք լինելու: Իսկ եթե պետք է լինենք, ուրեմն՝ չենք հանձնվում` չենք լուծում, պայքարում ենք: Մեր տղաների կյանքով... Այ սա ցավալի է, քանի որ կլինենք ու կզգանք այս ցավը:

Բայց այստեղ միշտ ասել եմ ու նորից պետք է ասեմ` դուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել