Չինացիներին հարգում եմ առաջին հերթին նրա համար, որ հզորության են հասել աշխատանքի և աշխատասիրության հաշվին, ոչ թե այլոց կողոպտելու և հարստահարելու ճանապարհով: Չինական «հրաշքը» 20-30 տարվա մեջ եղավ: 1974-ին Դեն Սյաո Պինի սկսած ռեֆորմները սկսեցին արդյունք տալ 1995-ին: Այս ողջ ընթացքում չինական էլիտան զինվել էր համբերությամբ, և գլուխները կախ առաջ էին տանում ռեֆորմները: Նույնիսկ ԽՍՀՄ անկումը չհիասթափեցրեց այս մարդկանց, ավելին` 1989-ին Տյանանմեն հրապարակում կոմկուսը ցույց տվեց, որ ՉԺՀ-ն ԽՍՀՄ-ը չէ, և ի տարբերություն ԽՄԿԿ-ի` ՉԿԿ-ն չի պատրաստվում պետությունն ու համակարգը հանձնել: Արդյունքում տանկերով դաժանաբար և ցուցադրաբար ջախջախեցին ցուցարարներին, և ոչ մեկ այսօր չի կարողանում նրանց քննադատել, քանզի ռեֆորմների արդյունքն ակնհայտ է:

Չինաստանը սովետներից տարբերվեց նրանով, որ չինացիներն իրենց երազանքին հավատում էին, ոչ թե մի բան հայտարարում, այլ բան անում: Այսօր արդեն Սի Ցզինպինն իրեն Մաոյին և Դենին հավասար մեկն է համարում, ով փոխելու է համաշխարհային պատմության ընթացքը: ՉԿԿ վերջին համագումարում մինչև 2050թ. սահմանված նշաձողերը` սկսած սոցիալ-տնտեսական հարցերից, վերջացրած մշակույթով, տիեզերքով և զարգացող պետություններում կատարվելիք ներդրումներով, խոսում են նրա մասին, որ ծանրության կենտրոնը վերջնականապես Արևմուտքից տեղափոխվում է Հեռավոր Արևելք: Ի դեպ՝ Սի Ցզինպինի ելույթը լսողները միանգամից կհասկանան տրամաբանությունը, թե ինչու է Չինաստանն այսչափ մեծ դեսպանատուն կառուցում Երևանում:

Ես չեմ առաջարկում նետվել Չինաստանի գիրկը կամ զարգացման չինական մոդելը կիրառել Հայաստանում, ոչ էլ առաջիկա տարիներին պատկերացնում եմ Հայաստանի արտաքին քաղաքական սլաքների կտրուկ փոփոխությունը: Բայց եթե մենք առաջանցիկ տեմպերով չկարողանանք կանխատեսել Եվրասիայում տնտեսական, ժողովրդագրական, աշխարհաքաղաքական և քաղտնտեսական զարգացումներն ու ըստ դրա մշակել մեր պետության ադապտացիոն սխեմաները, վաղը լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու:

Իրականում մեզ մեծ երազանք է պետք, ազգային-պետական երազանք, շոշափելի արդյունք ենթադրող երազանք: Մոտավորապես այն և այնպես, ինչպես 1970-ականներին ձևակերպեց չինական վերնախավն ու իրագործեց չինացի ժողովուրդը: Իրենք իրենց մասշտաբներով, մենք` մեր: Իրականանալի, շոշափելի երազանք ձևակերպելուց զատ՝ քաղաքական այլ օրակարգ Հայաստանում, ըստ իս, այս պահին չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել