Yerkir.am-ը գրում է.

2018 թվականին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 47.4 մլրդ դրամ. «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ իրականացվելու է 25 ծրագիր, այդ թվում` 10 վարկային և երկու դրամաշնորհային: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության պահպանման ծրագրով նախատեսված է 620.9 մլն դրամ:

Այնուհետև նախարարը ներկայացրեց, թե որ ծրագրի համար որքան գումար է նախատեսված ծախսել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22.6 մլրդ դրամ, այդ թվում՝ 2.8 մլրդ եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհը: 2018 թվականին շինարարական աշխատանքները կշարունակվեն շուրջ 80 կմ ճանապարհահատվածներում, կբետոնապատվի 40-ից 45 կմ»,- տեղեկացրեց Մարտիրոսյանը:

ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ կամրջի վերակառուցման ծրագրով էլ, ըստ նախարարի, 1.13 մլրդ դրամ է նախատեսված տրամադրել: 

«Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 3.4 մլրդ դրամ: Շինարարությունները կազմակերպելու մրցույթները ավարտվել են, պայմանագրերը կնքման փուլում են»,- ասաց Մարտիրոսյանը, ապա հավելեց, որ կիրականացվեն նախագծային աշխատանքների 100 տոկոսը, կամրջի շինարարության մոտ 20 տոկոսը և տեխնիկական վերահսկողության աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել