Հիշեցնեմ, որ սա առաջին բախումը չէ վրացիների և ադրբեջանցիների միջև Գարդաբանիում: 2014 թ-ի մայիսի վերջին մի քանի օր իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված էր: Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրել էր հարաբերությունները 15-20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև: Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ մայիսի 29-ի կեսօրին, մահակներով զինված և ադրբեջանական դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ: Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի էր ժամանել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մհեբրիշվիլին, ով այդ ժամանակ ևս վրացիների և տեղի ազերիների բախման մեջ մեղադրեց սադրիչներին: Ինչպես երևում է, պարոն Մհեբրիշվիլին, ով այս երեք տարվա մեջ նահանգապետից բարձրացել է մինչև Վրաստանի ՆԳ նախարար, չի «բարձրացրել» իր բառապաշարը: Երեք տարի առաջ էլ, հիմա էլ վրացիների և ադրբեջանցիների բախման մեջ մեղադրում է ինչ-որ սադրիչների, որոնց երևի թե ճանաչում է միայն բատոնո Մհեբրիշվիլին, քանի որ 2014 թ-ին այդ «սադրիչներին» ոչ ոք չգտավ: Համոզված եմ, որ հիմա էլ չեն գտնի:
Իսկ այս անընդհատական բախումներն ապացուցում են, որ Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիների և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող խնդիրներն ավելի խորքային են և մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի համար, որի հարավը գրեթե ամբողջությանբ մահմեդականացված է՝ բացառությամբ հայաբնակ Ջավախքի, որը խոչընդոտ է հանդիսանում, որ մահմեդական Աջարիան և Քվեմո-Քարթլին միավորվեն և «մահմեդական» կամուրջ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1521827357901208?notif_id=1509400113508203¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել