2018-ին ընդառաջ նոր բյուջեի հաստատումը դրական ֆոն չի ապահովում ու լավատեսություն չի ներշնչում։ Այս մասին հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։ Քանի որ վերջինիս ինչ-որ տեղ կարելի է համարել նաև ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչ, ապա ինչ-որ տեղ նորմալ ենք համարում նրա հայտարարությունը։ Սակայն երբ, օրինակ, իշխանության ներկայացուցիչն է մտահոգություն հայտնում ապագա բյուջեի նկատմամբ, սա արդեն փոքր-ինչ տարօրինակ է թվում։ Պարզաբանենք։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տնտեսական աճի համար 3 տոկոս աճ ապահովելը Հայաստանի համար դառնում է ոչ բավարար, հետևաբար պետք է կենտրոնանալ ոչ թե 3, այլ 5 տոկոս աճ ապահովելու վրա, ստացվում է, որ վարչապետն էլ իր հերթին ունի վերապահումներ բյուջեի վերաբերյալ։

Դրական ու բացասական կողմերը։ Դրականն այն է, որ այս կառավարությունը, կարծես թե, աստիճանաբար որոշում է կայացնում հրաժարվել կենացներից ու հասկանում է իրավիճակի լրջությունը։ Թեպետ Կարապետյանը հայտարարել է վարչապետությունը ստանձնելու օրը, որ գալիք տարում թոշակների, աշխատավարձի բարձրացում չի սպասվում, սակայն դրա փոխարեն փորձ էր արվում ներդրումների ֆոն ապահովել միլիոնավոր դոլարների ներդրումների տեսքով, սակայն, ըստ էության, դա չի արվել։ Գյումրիի փողոցի վերակառուցումը դեռևս ոչ մի կերպ նպաստավոր ներդրումների մթնոլորտ ապահովել համարել չենք կարող։ Ինչևէ։ Կա նաև մեկ ուրիշ նրբություն․ իշխող կուսակցության երկու թևերի՝ Կառավարության ու օրենսդիր մարմնի միջև, կարծես թե, սկսվում է մի նոր պայքար, որն իր ձևաչափով դուրս է գալիս կուլիսներից ու տեղափոխվում հրապարակային դաշտ։ Դրա վառ ապացույցը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն էր առ այն, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը դեմ է իշխող կուսակցության գաղափարախոսությանը։ Այ դա իսկապես հետաքրքիր է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել