Կար 3 գործոն, որոնք Իրաքի քրդերը շահարկում էին մինչև հանրաքվեն և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում (այս պահին երեքն էլ կասկածի տակ են)․
1. Քրդական զինուժը ներկայացնող փեշմերգաների հաղթական ոգին, քանզի նրանք էին հաղթել Իսլամական պետությանը:
2. Մասուդ Բարզանիի լեգիտիմ կարգավիճակը, որը թույլ էր տալիս նրան ևս մեկ անգամ վերընտրվել որպես Իրաքյան Քուրդիստանի նախագահ:
3. Իրաքյան Քուրդիստանը՝ որպես կայունության օջախ թե՛ Իրաքում ու տարածաշրջանում, թե՛ Քուրդիստանի ներսում:

Սկսեմ սկզբից։
Քրդերը հիմնականում պաշտպանվել են իսլամականների դեմ պայքարում, ավելին, եթե չլինեին ԱՄՆ օդային հարվածները 2014 թ. օգոստոսին, հարց է, թե ինչ կմնար Իրաքյան Քուրդիստանից նրա վրա հարձակվող ԻՊ-ի պարագայում (իհարկե, պետք չէ թերագնահատել քրդական փեշմերգաների ավանդը իսլամականների դեմ պայքարում, սակայն մի քանի օր առաջ Քիրքուքից ու վիճելի շատ տարածքներից հիմնականում առանց կռվի քրդական փեշմերգաների հեռանալն այլ բանի մասին է խոսում):

Մասուդ Բարզանին լեգիտիմ նախագահ չէր սկսած 2014 թ. վերջից: Դա արդեն հենց Բարզանին է նշում՝ ասելով, որ ինքն այլևս չի համաձայնվելու իր լիազորությունների երկարաձգման հետ ու նոյեմբերի 1-ից չի լինելու նախագահ (Բարզանին ասում է, որ օրենք չպետք է փոխվի: Էդ ինչ է՝ օրենք չէ՞ր փոխվում, որ ամեն անգամ Քուրդիստանի խորհրդարանը 2014-ին ու 2017-ին երկրարաձգում էր նրա լիազորություններն, ու ինքը լուռ ընդունում էր այն):
Եվ վերջապես՝ Իրաքյան Քուրդիստանն այսօր կայունության օջախ չէ. արդեն նշել եմ՝ իրաքյան կառավարական ուժերի ու դրանց սատարող այլ խմբավորումների դեմ պայքարում քրդերը զիջում են, իսկ թե ինչ է կատարվում այս պահին Բարզանիի հեռանալու հայտարարությունից անմիջապես հետո, Իրաքյան Քուրդիստանում կայունության մասին չի խոսում (ՔԴԿ-ին հարող ուժերը հարձակվում են ՔՀՄ-ի ու Գորանի գրասենյակների վրա և այլն... Իրավիճակը սրվում է հենց Իրաքյան Քուրդիստանում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել