Facebook-ը խստացնում է քաղաքական գովազդի տեղադրման կանոնները: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

«Քաղաքական գովազդատուները պետք է ներկայացնեն իրենց նույնականացման մասին ավելի շատ վկայություններ: Երբ նրանք դա անեն, մենք կճանաչենք նրանց գովազդը որպես քաղաքական, և նրանք պարտավոր կլինեն բացահայտել՝ ով է վճարել դրա համար»,- ասել է նա: Նոր համակարգի թեստը կսկսվի ԱՄՆ հաջորդ դաշնային ընտրություններին:

Ավելի թափանցիկ կդառնա նաև ոչ քաղաքական գովազդը: Շուտով Facebook-ը կփորձարկի նոր գործառույթներ, ինչը թույլ կտա յուրաքանչյուր այցելուի տեսնել, թե ինչ գովազդ է պատվիրել իրենց կողմից ընտրված ցանկացած օգտահաշիվը:

Բացի այդ՝ քաղաքական գովազդի պատվիրատուների էջում կարելի է տեսնել տեղադրվող հոլովակի պատմությունը և իմանալ դրա գինը, ինչպես նաև գնահատել լսարանը, որին դրանք ուղղված են:

Հիշեցնենք՝ Facebook-ի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքս Սթամոսը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ գրեթե 2 տարի Ռուսաստանից Facebook-ի օգտահաշիվները գնել և սոցցանցում տարածել էին քաղաքական գովազդ: Դրա հետևանքով սոցցանցը արգելափակեց բոլոր այդ էջերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել