Որպես կանոն, մենք մեծ ուշադրություն չենք դարձնում կենդանիների ձայներին, այնինչ դրանք հաղորդակցման շատ ավելի բարդ միջոցներ են, քան մենք կարծում ենք:

Փաստ N 10. Կատուները մլավում են միայն մարդկանց համար

Իրականում՝ կատուները չեն մլավում միմյանց հետ հաղորդակցվելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են մարմնի լեզուն և ֆշշացնելը. մլավելը միայն և միայն տիրոջ պատվին է:

Կատուները մլավում են մարդկանց ողջունելու, մեր ուշադրությանն արժանանալու և ուտելիք ստանալու համար (այս նույն պատճառով նաև ձագերը մլավում են, երբ ուտելիք են ուզում մորից․ սա միակ բացառությունն է):

Կատուները մլավում են նաև այն ժամանակ, երբ ցանկանում են, որ իրենց ազատ արձակենք կամ մեզ որևէ այլ պահանջ ներկայացնելու դեպքում. սա կատուների կողմից աշխարհը կառավարելու ևս մեկ տակտիկական միջոց է:

Փաստ N 9. Մարգագետնային շները բավականին բարդ կենդանիներ են


Միանգամից ասեք՝ ո՞րն է կենդանական աշխարհում ամենազարգացած բանականությամբ կենդանին՝ դելֆի՞նը, թե՞ պրիմատները: Իրականում դա կարող է լինել մարգագետնային շունը (prairie dog):

Այո, հենց այս՝ սկյուռի հեռավոր բարեկամ անպիտան կրծողը, որն անապատներում հանկարծակի հայտնվում է գետնի տակ գտնվող իր բներից: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք նույնիսկ կարող են ձեր հետևից «չաղ» կամ ավելի վատ մի ռեպլիկ թողնել:

Հետազոտողների մի խումբ ուսումնասիրել է այս կենդանիների լեզուն և բացահայտել, որ այն հնարավոր է լինի մինչև հիմա ուսումնասիրված ամենաբարդ ոչ մարդկային լեզուն:

Ոսումնասիրության ընթացքում մարգագետնային շները նկարագրում էին գիշատիչներին՝ ասելով նրանց տեսակը, չափսը և մարմնի ձևը:

Դրանք նույնիսկ կարողանում էին միմյանց հետ խոսել մարդկանց հագուստի գույնի մասին և առնվազն մեկ դեպքում՝ ասել արդյոք մարդը զենք կրում էր, թե ոչ:

Անհավանական է, բայց այս ամենը նրանք կարողանում են փոխանցել մեկ ակնթարթ տևող ճվոցի միջոցով:

Փաստ N 8. Բզեզներն օգտագործում են Մորզեի այբուբենը

Երբ փայտե միջատ ես, բավականին բարդ է կոորդինացնել գործողությունները, քանի որ հաստ և խիտ ծառերում փորել ես անթիվ և անհամար թունելներ:

Բզեզի տեսակներից մեկը հաղթահարել է այս արգելքը՝ օգտագործելով Մորզեի այբուբենի նման միջոց: Դրանք կանգնում են թունելի վերևում և սկսում գլխով պատերին խփել, որից առաջացած ձայները թունելներով հասնում են վերջինիս խմբակիցներին: Հենց այս ձայների շնորհիվ է բզեզների «Xestobium rufovillosum» տեսակը ստացել «death-watch beetle» անվանումը (թարգմանաբար՝ մահվան ժամացույց):

Բանն այն է, որ բզեզների այս տեսակի հայրենիքը համարվում է Անգլիան: Այս բզեզները հիմնականում բնակություն են հաստատում տան կահույքի փայտերի մեջ, և գիշերային լռության մեջ մարդիկ լսում էին բզեզների ձայները, որոնք նման էին ժամացույցի վայրկյանաչափի թակոցներին, կարծես մահն էր մոտենում:

Փաստ N 7. Ամեն փիղ իր ձայնն ունի

Մեզ համար պարզից էլ պարզ է, որ մարդկանց ձայները տարբերվում են միմյանցից, սակայն կենդանիների մասին, չգիտես ինչու, մտածում ենք, որ նրանց հանած ձայները բավականին միանման են:

Կենսաբան Անդրեա Տուրկալոն բացահայտել է, որ փղերի ձայները նույնպես տարբերվում են միմյանցից: Կոնգոյում անտառային փղերի ընտանիքի՝ 19 տարի տևած հետազոտության արդյունքում Տուրկալոն կարողանում է միանգամից ճանաչել յուրաքանչյուր փղին՝ միայն նրանց ձայները լսելով:

Տուրկալոն փորձում է թարգմանել փղերի ձայները և կազմել «փղերի բառարան», որը հավանաբար կպարունակի բազմաթիվ բառեր:

Փաստ N 6. Հավերը խոսում են իրենց ածած ձվերի հետ, իսկ ձվերը պատասխանում են

Կարծում ենք՝ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մայրը խոսում է իր՝ դեռ չծնված բալիկի հետ: Սակայն շատ մայրեր կանհանգստանային՝ լսելով, թե ինչպես են իրենց երեխաները պատասխանում:

Մայր հավիկների համար դա ստանդարտ գործողություն է: Ձվերի ածելուց մոտ 24 ժամ առաջ ճտերը սկսում են ձայներ արձակել, իսկ մայրը քաղցր, բայց մի տեսակ վախենալու կչկչոցով վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է:

Փաստ N 5. Բաբուիններն ատում են ժարգոնը

Միշտ տհաճ է, երբ մայրենի լեզվում լսում ես անտեղի և անիմաստ՝ ժարգոնով բառեր: Նման պատճառով նաև մեզ կարող է դուր գալ արաբական երաժշտությունը, սակայն նույն ելևէջներով հայկական երգն անտանելի և ռաբիս կթվա։

Պարզվում է՝ բաբուինները նույնպես կիսում են այդ ցավը մեզ հետ: 6 բաբուիններից կազմված մի խմբի «Touch-screen»-ով համակարգիչների վրա տվել են հազարավոր իրական և գոյություն չունեցող բառեր:

Բաբուինները դիպչում էին էկրանին և ճիշտ պատասխանը ընտրելու դեպքում բանանի տեսքով պարգև ստանում։ Այնուհետև նույն բառը նրանց ցույց էին տալիս մի թեթև աղավաղված (օրինակ՝ սեղանի փոխարեն սեղնա)։ 75% դեպքերում կապիկները գտել են հորինված բառերը:

Այնպես որ, մի անհանգստացեք, եթե չեք հասկանում ձեր փոքրիկներին. նույնիսկ կապիկները կհասկանային, որ նրանք անհեթեթ բաներ են խոսում:

Փաստ N 4. Մենք հնարավոր է՝ չլսենք գորտերի զրույցը

Դուք հավանաբար կարծում էք, որ շները միակ կենդանիներն են, որոնք լսում են մարդկային ականջին անհասանելի բարձր հաճախականության ձայներ:

Դա ամբողջ ճշմարտությունը չէ:

Հարավարևելյան Ասիայում գտնվող գորտերի «Huia cavitympanum» տեսակը կարողանում է հաղորդակցվել ուլտրաձայնային հաճախականությամբ:

Այս գորտերը հանում և լսում են մինչև 38 կիլոհերց հաճախականությամբ ձայներ, որոնք մարդու ձայնային դիապազոնից 18 կիլոհերցով ավել են:

Գիտնականները կարծում են, որ պատճառն այն է, որ այդ գորտերն ապրում են հոսող ջրերում, և ավելի ցածր հաճախականությամբ ձայները նրաց դժվար կլիներ լսել:

Մի տարբերակ էլ կա․ կամ էլ գորտերն ուղղակի չեն ուզում, որ մենք նրանց հասկանանք:

Փաստ N 3. Դելֆինները կարողանում են երկրորդ լեզու սովորել

Մի խումբ դելֆինների՝ քնի ընթացքում հանած ձայների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք ունակ են երկրորդ լեզու սովորելու:

Ֆրանսիայում գտնվող ջրաշխարհներից մեկում դելֆինների համար միացնում էին կետերի ձայներ: Դելֆինները երբեք չէին կրկնում ձայներն արթուն ժամանակ, սակայն քնի մեջ նրանք հանում էին կետերի ձայները ծայրահեղ նմանությամբ:

Փաստ N 2. Թութակները ոչ միայն մեզ նմանակում են, այլ նաև…

Շատ դեպքեր են գրանցվել, երբ թութակները ոչ միայն մեր ասածները կրկնում են, այլև սովորում են բառեր և խոսակցության բռնվում մեզ հետ: Աֆրիկյան մոխրագույն թութակ Ալեքսը հայտնի դարձավ իր՝ գույներ և չափսեր տարբերակելու ունակությամբ: Ալեքսը նաև հաճախ հումորներ է անում իր տիրոջ հետ՝ նրան ասելով․ «Դու ինձ մի ասա՝ ես ինչ անեմ»:

Այլ թութակներ էլ կան, որոնք հայտնի են իրենց հարուստ բառապաշարով. Գինեսի գրքում գրանցված Պռուդըլը իր մահից առաջ 800 բառ գիտեր։

Փաստ N 1. Որոշ ձկներ օգտագործում են նշանների լեզուն

Ոչ, նրանք լողակներով չեն թափահարում, որը կարող էր բավականին զվարճալի լինել: Փոխարենը կա ձկների մի տեսակ՝ «Coral Groupers», որոնք ունեն բավականին մեծ մարմին և գլուխ և որսի ընթացքում հաղորդակցվում են տարբեր շարժումներով: Օրինակ՝ գլխով ցույց են տալիս որսի ուղղությունը կամ մի փոքրիկ պար են պարում՝ ազդանշան տալով որսի ներկայության մասին:

Այս ձկներն ամփոփում են մեր հիթ-շքերթը և միանում են մարդկանց և մեղուներին՝ հատուկ նպատակով հետույքը շարժելու հմտությանը տիրապետելու շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել