Իրանական և Թեհրանի ազդեցության ներքո գտնվող քարոզչամեքենան տեղեկատվական և հոգեբանական գրոհ է սկսել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի դեմ: Միայն վերջին 2 օրերի ընթացքում մի շարք ուշագրավ նյութեր են հրապարակվել Մ. Բարզանիի քաղաքական ապագայի և նրա ընտանիքի անդամների ապօրինի բիզնեսների վերաբերյալ:

Նախ և առաջ՝ ակտիվորեն տարածվել է այն տեղեկատվությունը, որ, ըստ Քրդստանի ժողովրդավարական կուսակցության, Մ. Բարզանիի նախագահության ժամկետը լրանում է ընթացիկ ամսվա վերջին, և ո՛չ Բարզանին, ո՛չ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն պատրաստվում հավակնել նախագահի պաշտոնին: Ապա տեղեկատվություն է տարածվել առ այն, որ Մ. Բարզանին համաձայնել է թողնել նախագահի պաշտոնն այն պայմանով, որ տարածաշրջանում ձևավորվի անցումային կառավարություն՝ իր զարմիկի՝ գործող վարչապետ Նեչիրվան Բարզանիի գլխավորությամբ:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Մ. Բարզանիի որդիները՝ Մասրուր և Մանսուր Բարզանիները, բացի Քիրիքուքում սեփական ընտանիքին պատկանող նավթահորերից դեպի Թուրքիա նավթի վաճառքից՝ նաև միջնորդ են հանդիսացել «Քրդստանի բանվորական կուսակցության» և Թուրքիայի միջև սիրիական նավթի ապօրինի իրացման համար:

Վերոնշյալ իրողությունները խոսում են այն մասին, որ ինչպես դիվանագիտական, այնպես էլ քարոզչական հարթություններում փորձ է արվում Իրաքի Քրդստանի տարածաշրջանի շուրջ առաջացած ճգնաժամի ողջ պատասխանատվությունը բարդել Մ. Բարզանիի վրա և ստեղծված խնդրահարույց իրավիճակը հարթել վերջինի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել