1918թ. հունվարի 5-ին Պետրոգրադում վերջապես գումարվում է Սահմանադիր ժողովը, որն իբր թե պետք է որոշեր Ռուսաստանի ապագան ու վերջ դներ անարխիային ու խորհուրդների իշխանությանը: Մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ համառուսական պատգամավորներն են վճռելու իրենց երկրի ժողովրդավարական ապագան: Բայց նրանք չարաչար սխալվում էին:

Առաջին և վերջին նիստի կեսից դահլիճը լքում են բոլշևիկները, որոնք ինչպես միշտ փոքրամասնություն էին: Մի քանի ժամից դահլիճից դուրս են գալիս նաև ձախ էսեռները: Ժողովը մի որոշ ժամանակ էլ է շարունակում աղմկել, երբ գալիս է նավաստի Ժելեզնյակն ու ասում պատմական խոսքը՝ թիկնազորը հոգնել է, քնել է ուզում: Լուսադեմին բոլորը հեռանում են՝ հույս ունենալով, որ հաջորդ օրը հավաքվելու են: Չեն հավաքվում:

Տարիներ անց էսէռների կուսակցության անդամ Սվյատիցկին իր հուշերում գրում է.

«Այդ գիշեր հիմնադիր ժողովը մեռավ, և պատճառն այն չէր, որ ժողովի կողմնակիցները պատրաստ չէին մեռնելու կամ նավաստիներն այդպես ցանկացան: Պատճառն այն անտարբերությունն էր, որով ժողովուրդը վերաբերվեց Հիմնադիր ժողովը ցրելուն, ինչը թույլ տվեց Լենինին թափ տալ ձեռքն ու ասել՝ թող գնան տներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել