Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանում քաղաքական բանավեճի կուլտուրան չի կայացել դեռևս։ Չի կայացել երկու հիմնավոր պատճառներով․ առաջինը՝ կողմ և դեմ փաստերը համադրելու ու հակադրելու փոխարեն միանգամից անձնական դաշտ մտնելը, և երկրորդ՝ բուն նյութի վերաբերյալ, անկախ նրա բովանդակությունից, չափազանց մակերեսային ընկալումը: Երբ դա արվում է էքսպերտային մակարդակով, կարելի է հասկանալ, սակայն երբ ԱԺ ամբիոնից ֆրակցիաների ղեկավարների, ազդեցիկ քաղաքական գործիչների դեմքով է արվում, արդեն իսկապես զավեշտալի է։ Երեկ պաշտպանության նախարարի ու ԵԼՔ խմբակցության բանավեճը շիկացավ ոչ թե այն պատճառով, որ նախարարն առաջին անգամ, կարելի է ասել, հունից դուրս եկավ, այլ բացառապես նրա, որ, բուն գործը թողած, մարդիկ սկսեցին իրար մեղադրել ծառայած չլինելու մեջ։ Ախր դա անելիս պետք է հաշվի առնել, որ երկու կողմերում էլ կան մարդիկ, որոնք չեն ծառայել, հիմա պարզ չէ՞, որ եթե դու իշխանությանը մեղադրես չծառայած լինելով հանդերձ տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ դրույթներ ներարկելու մեջ, ապա նրանք էլ հո բերանները ջուր չեն առնելու ու հանգիստ նստեն, պարզ է, որ նույն բանն էլ իրենք են անելու։ Հակառակն անտրամաբանական կլիներ, մինչդեռ բուն խնդիրը՝ ազգ-բանակ կոնցեպցիայում երկրի՝ այս օրինակով աստիճանաբար միլիտարիզացիայի տանումը շատ ավելի նախընտրելի բանավեճ կլիներ, որը, ցավոք, երեկ առկախվեց, ու դրա պատճառը հաստատ իշխանությունը չէր։ Ավելին՝ այս բանավեճը, որտեղ, ի դեպ, Վիգեն Սարգսյանը ջախջախեց ԵԼՔ-ին, ձեռնտու էր հենց իշխանությանը։ ԵԼՔ-ը պիտի դասեր քաղի սրանից, հակառակ պարագայում մեկը մյուսի հետևից ստիպված է լինելու պատասխանել մեղադրանքներին, մինչդեռ հենց ընդդիմությունը պիտի լինի մեղադրողի դերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել