Կնանիք պատմականորեն մարդու ռեպրեսված տեսակ են: Դրա համար կային հստակ օբյեկտիվ նախադրյալներ: Գիտատեխնիկական պրոգրեսն այդ նախադրյալները գրեթե վերացրել է, որն իր հերթին էմանսիպացիայի զարկ է տվել: Սակայն ակնհայտ է, որ արևմտյան քաղաքակրթությունը էմանսիպացիան և ֆեմինիզմը համարում է ինքնանպատակ, այսինքն՝ խնդիրը կանանց իրավունքների համար պայքարելն է, ոչ թե իրավահավասարության հաստատումը: Սա ակնհայտ է, քանի որ բոլոր տեսակի խտրականության դեմ պայքարելիս, չգիտես ինչու, «շահագրգիռ խմբերն» անտեսում են ռեպրեսիայի գլխավոր հենասյունը՝ կնոջ արտաքինը: Սա է բոլոր խտրականությունների հիմքում: Կինը հասարակության մեջ պարտավոր է արտաքին տեսքի շատ ավելի բարդ ստանդարտների համապատասխանել, քան տղամարդը և ուրեմն՝ չի կարող կանանց իրավունքների համար պայքարել այն հասարակությունը, որ ամեն տեղ գովազդում է հոնքերի, քթի, կրծքի, հետույքի և այլ դետալների շատ որոշակի ստանդարտներ:

Այս առումով մահմեդականները շատ ավելի արդյունավետ են, նրանք քոքից սահմանափակել են կնոջը որևէ ստանդարտներին համապատասխանեցնելու այլ կանանց մոլուցքը: Իրենց մոտ եթե կինն ունի իր արտաքին տեսքով ինքնարտահայտվելու ներքին պահանջ, նա դա կարող է անել իր համար կամ իր մտերիմների, բայց ոչ հասարակական վայրերում: Ուղղափառ մահմեդական հասարակություններում կնոջ արտաքին տեսքն օբյեկտ չէ, և սա է էմանսիպացիայի հիմնարար սկզբունքը: Անշուշտ, սա բավարար չէ լիարժեք ազատագրման համար, սակայն պարտադիր նախադրյալ է: Առանց այս սկզբունքի հաստատման սին են էմանսիպացիայի բոլոր ջանքերը: Սին և կեղծ:

Նման քաղաքականություն են փորձել վարել բազմաթիվ այլ սոցիալիստական հասարակարգեր, սակայն մահմեդականներինը դեռևս ամենաարդյունավետն է: Թե՛ Սովետում, թե՛ Չինաստանում և թե՛ այլ տեղերում կնոջ թերարժեքության բարդույթները հաղթել են պետությանը, և փողոց էր դուրս գալիս քսված, մազերը սարքած, վերջին կոպեկը շորիկի վրա ծախսած մի հիվանդ: Կապիտալիստական կոնսյումերիզմի ակունք հանդիսացող այս հիվանդությունը չի հաջողվել բուժել ո՛չ Լենինին, ո՛չ էլ Մաոյին: Միլիոնավոր մարդկանց գնով պետություն կարեցան կառուցել, իսկ կանանց բուժել չկարողացան: Կոմունիզմը, լինելով հասարակարգի նախընտրելի տարբերակ, պարտվեց կապիտալիզմին, քանի որ մշակութային հեղափոխությունը չթիրախավորեց կանանց բարդույթները: Քաղաքական կամքը չհերիքեց: Իսկ Մուհամեդի հետևորդները դեռևս անկոտրում են, թեպետ, անշուշտ, դա իրենց էլ է տրվում շատ թանկ գնով:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ սկանդինավյան երկրներում նկատվում են իրական էմանսիպացիայի նախադրյալներ, թեպետ նրանք այլ մեթոդով են շարժվել: Այնտեղ արդեն զգալիորեն ավելի առողջ հոգեբանություն ունեն կնանիք, ու դա նաև արտացոլվում է արտաքին տեսքում, սակայն իսլամն ապրել է հազար տարուց ավել ու գնալով հզորանում է, իսկ հոլանդացիք ու սկանդինավները կարող ա մի երկու տասնամյակ չձգեն էմանսիպացիայի իրենց մոդելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել