Թուրքիայում ձերբակալված հայտնի գործարար, բարերար Օսման Քավալայի կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս 7 օրով։ Այս մասին հաղորդում է Horizon Weekly-ն:

Երկրի պատմության թերությունների և չբացահայտված դեպքերի մասին բարձրաձայնող առաջատար դեմքերից համարվող Քավալային ձերբակալել էին հոկտեմբերի 19-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: Նրա նկատմամբ նախնական 7 օրվա կալանք է սահմանվել:

Գործարարի իրավապաշտպանի խոսքով՝ Քավալային տեղափոխել են ահաբեկչական գործերի քննությամբ զբաղվող ոստիկանական բաժանմունք՝ գաղնի հետաքննության անցկացման ընթացքում:

Քավալային կասկածում են երկրից արտաքսված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու և անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ:

Նախօրեին Քավալային ազատ արձակելու մասին կոչով Թուրքիայի իշխանություններին դիմել էր խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Քավալայի «Անադոլու Քյուլթուր» հիմնադրամը 2002 թվականից ի վեր քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել