Դեռևս նախորդ դարի վերջերին ակնհայտ դարձավ, որ տեխնոլոգիական, գիտական նոր հազարամյակում աշխարհաքաղաքական, կենցաղային ու մարդկային հարաբերությունները գնալով զարգանալու են շատ ավելի արագ, քան ներկան է, սակայն քչերը կարող էին պատկերացնել, որ այսօր արդեն բանը կհասնի նրան, որ մարդկությունը շատ հաճախ չի էլ հասցնի այդ դինամիկայի հետևից: Պատճառների մասին շատ է խոսվել, և եթե իսկապես առկա է այդ տենդենցը, իսկ այն աներկբա է (շատ շուտով մարդկությունն, առհասարակ, կարող է գազի փոխարեն պարզապես էլեկտրականություն օգտագործել), ապա մոտ ապագայում աշխարհի վերադասավորումներն էլ լինելու են դինամիկ, ու միգուցե որոշ պետություններ իսկապես չձգեն այդ տենդենցների հետևից:

Այս երկար նախաբանն, իհարկե, նրա համար չէր, որ գուժեր Հայաստանի նման փոքրիկ պետության թշվառությունն ու ռեսուրսների սակավությունը: Շատ կարևոր է, որ Հայաստանում վաղուց սկսել են դա հասկանալ, սակայն Հայաստանն այսօր, միևնույն է, չի կարողանում ձերբազատվել բլոկադայից: Պատերազմի վտանգն առ այսօր կախված է մեր երկրի գլխին և օրեցօր նվազող ու արնաքամ լինող Հայաստանի համար գոյատևումը դառնում է օրհասական խնդիր: Հիմա ի՞նչ պիտի անի Հայաստանը կամ նրա ղեկավարությունն այդ գոյությունը պահպանելու համար: Նախորդ դարի իդեալիստները պնդում են, որ չէր կարելի երկիրը հասցնել այս վիճակին, չէր կարելի այսքան ցնցումներ առաջացնել երկրի ներսում, որովհետև միայն արտաքին վտանգը հերիք ու բոլ է Հայաստանին, բայց արի ու տես, որ այսօրվա իրականության հետ նախկին իդեալիստները կա՛մ չեն ուզում հաշվի նստել, կա՛մ ֆիզիկապես ու բարոյապես անկարող են: Իրենք տեսել ու փորձել են անել հակառակը, որոշ չափով ստացվել է, չեղածի համար էլ հատուցել են իշխանության կորստով: Այս մարդկանց էլ մեղադրել պետք չէ: Ի վերջո, դու հավատում ես նրան, ինչ տեսել ես, այլ ոչ թե նրան, ինչ քեզ այսօր ասում են: Եվ, առհասարակ, իրականության զգացողության կորուստը հատուկ է էլիտային: Թող ոչ մեկին չթվա, որ այսօրվա վերանախավը թափանցիկ է ու անկաշկանդ: Հասկանալի է, որ նախագահն օտարվում է ժողովրդից, նախագահը եթե չօտարվի, բանը բանից կանցնի, կդառնա շարքային քաղաքացի ու ռացիոնալության նշույլները կկորցնի (Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այլ բանի հույս չի թողնում), սակայն նա պետք է նաև որոշ չափով անընդհատ շոշափի հասարակության պուլսը։ Դա ասելով նկատի չունեմ յուր անթիվ-անհամար օգնականների պարբերական զեկույցները՝ շեֆին հաճոյանալու դավթարներով:

Ինչևէ, այսօր Հայաստանը պետք է գնա փոփոխությունների, ու այդ փոփոխությունները երբեմն պահանջելու են ցավոտ լուծումներ: Դրանք վաղուց պիտի արվեին, վաղուց պիտի բանակն ու հասրաակությունն իսկապես կուռ մարմին լինեին, մեկը մյուսի համար մարտնչող, մարտնչող ոչ թե ստիպողաբար, այլ հայեցողական սկզբունքով: Չի արվել, վատ ենք աշխատել: Հիմա խնդիրներ են կուտակվել, ու այդ խնդիրներն ինչ-որ իքս կետից պետք է սկսել լուծել: Հասարակությունը միշտ էլ դժգոհելու է, որովհետև, ցավոք, այլ բան անելու ունակ չէ: Եթե ունակ չէ, ուրեմն՝ պետք է այդ փոփոխությունն արագ արվի, անպայման արվի, ցավոտ արվի, բայց արվի: Եթե հերթական անգամ լղոզվեց, վայն եկել է, մեզ տարել, այս անգամ՝ գուցե վերջնական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել