Տարածաշրջանային մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությանը, հաղորդում են, որ Աֆղանստանի տարածքում՝ Տաջիկստանի հետ սահմանին ներկայումս տեղակայված են 7 հազար ահաբեկիչներ. նրանք հանդես են գալիս «Տալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կազմում:

Առհասարակ, նշված աշխարհագրական տարածքում տարաբնույթ ահաբեկչական կառույցների առկայությունը նորություն չէ: Մինչդեռ կարևոր է, որ Սիրիայում և Իրաքում ներկայումս ծավալվող առավել ակտիվ միջազգային հակաահաբեկչական պայքարը նույն ծավալով, սկզբունքայնությամբ և նպատակաուղղվածությամբ շարունակվի նաև Եմենում, Լիբիայում, Նիգերիայում, Աֆղանստանում և այլ երկրներում. հատկապես վերջինը տասնամյակներ շարունակ հանդիսացել է ծայրահեղականների առանցքային «դարբնոցներից»: Հակառակ դեպքում, Իրաքից և Սիրիայից հետո «ջիհադական» պայքարը շարունակել ցանկացող հազարավոր ծայրահեղականներ իրենց գործունեությունը կշարունակեն թվարկված և մի շարք այլ երկրներում՝ հավելյալ լարվածություն առաջացնելով տարբեր տարածաշրջաններում: Գաղափարաքարոզչական ուղղությանը զուգահեռ՝ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի ռազմական հարթությունը պարզապես այլընտրանք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել