Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են: Ընտրություններ, որոնք ինչպես և սպասվում էր, ծնեցին բազում խոստումներ: Կուսակցությունների կարկառուն դեմքերը շրջում են բակից բակ և խոստանում ապահով, կանաչապատ, բարեկարգ մայրաքաղաք, ասել է թե «Թամանյանական Երևան»: Խոսք չկա, դա շատ լավ է: Ոչ մի երևանցի չի ուզում ապրել նման քաղաքում: Բայց, հարգելի թեկնածուներ, ապահով, կանաչապատ, բարեկարգ մայրաքաղաք չեն դառնում մի քանի նոր նստարան տեղադրելով կամ էլ փողոցները հազարերորդ անգամ անորակ ասֆալտապատելով:  

Միանգամայն համաձայն եմ, որ մայրաքաղաքի բարեկարգման թերությունների վերացումն` ի դեմս ճարտարապետական լուծումների, նույնպես կարևոր է և ակնահաճո: Այդ ամենը ողջունելի է: Բայց դրա հետ մեկտեղ չմոռանանք գլխավորը` քաղաքացուն: Նրա անվտանգությունը: Խոսքը գնում է մեր քաղաքի տակը թաղված «ականների»` անվտանգության կոպիտ խախտումներով կառուցված բենզալցակայանների պահեստամասերի մասին, որոնք գտնվում են ոչ ավել, ոչ պակաս բազմաբնակարան շենքերի բակերում: Միայն Կոմիտասի պողոտայի վրա գտնվող մի բենզալցակայանի տակ 60 տոննա ծավալով պահեստարան է: Պատկերացնո՞ւմ եք, Աստված մի արասցե, դա պայթի: Ախր, հօդս կցնդի ոչ թե մի շենք, մի սուպերմարկետ, այլ մի ամբողջ թաղամաս` հոլիվուդյան ֆիլմերի ավանդույթների համաձայն:  

Գիտեմ, որ այս թեման անընդհատ բարձրաձայնվում է մեր քաղաքացիների կողմից, արծարծվում մամուլում: Սակայն, բենզալցակայանների պահեստարանները շարունակում են մնալ շենքերի հիմքերի մոտ, շատ դեպքերում ոչ բավարար խորության վրա` վտանգելով մարդկային կյանքը: Մի՞թե այդքան դժվար է, որպեսզի դրանց համար տարածքները, ինչպես այլ երկրներում, որտեղ մարդկային կյանքը թանկ է, հատկացվեն անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ: Ո՞վ է իրավունք տվել մեզ, այդ թվում նաև պետական այրերին, լինելով սեյսմիկ գոտում գտնվող երկիր, անտեսել և նման անտարբերությամբ մոտենալ այս խնդրին: Չէ՞ որ դուք էլ, ձեր երեխաներն էլ ապրում եք նույն քաղաքում: Կարծում եք՝ «ականը» պայթելուց պաշտո՞ն է հարցնելու, թե՞ մինչ դժբախտությունը դռներս չթակի, տեղից չենք շարժվելու: Իսկ վտանգը կանխելու համար ընդամենը պետք է բենզալցակայանները տեղափոխել  բնակեցված տարածքներից  բավարար հեռավորության վրա:

Կարծում եմ՝ հենց նման խնդիրների լուծումը պետք է որ առաջիկա ընտրություններում դառնա կողմնորոշման ուղեցույց: Համենայն դեպս, ինձ համար այդպես է լինելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել