Հայկական իրականության մեջ դժվար է գտնել նույնքան զզվելի երևույթներ, որքան Ադրբեջանին հանձնվելու շանտաժով ինչ-ինչ պահանջներ առաջ քաշողներն են։ Հրեն, ևս մի նման մանկուրտ է ծլել, ում, ինչպես հասկացա, քցել են/կողոպտել են/խաբել են Վրաստանում, սա էլ եկել է ու ՀՀ ոստիկանությունից պահանջում է պատժել մեղավորներին՝ հակառակ դեպքում Ադրբեջանին հանձնվելու սպառնալիքներ առաջ քաշելով։

Ճիշտն ասած՝ այս իրավիճակում այդքան զայրացնողը հերթական թամելաարզումանյանի ի հայտ գալը չէ, որքան նման հիմարներին հարթակ տրամադրելն ու դեռ մի բան էլ նրանց հիմարությանը զորակցելը։ Լավ, այս մարդու առաջ քաշած պահանջներից ակնհայտ է, որ նա, հիմար լինելուց զատ, նաև անգրագետ է ու գաղափար չունի իրավունքի, օրենքի ու միջազգային նորմերի մասին։ Բա լրագրո՞ղը, լրագրողն է՞լ է հիմար ու անգրագետ, թե՞ հնչեղ վերնագրի ու լալահառաչ պատմության համար կարելի է թքել պրոֆէթիկայի վրա (հերթական անգամ) ու (հերթական անգամ) էժան սենսացիա մոգոնել։ Դժվա՞ր է մինչև նյութը մոգոնելը մի հատ թեթև կոնսուլտացիա անել որևէ իրավաբանի հետ և պարզել, որ, եթե հանցագործությունը տեղի է ունեցել այլ երկրում, դրա բացահայտմամբ զբաղվում է այդ երկրի ոստիկանությունը, իսկ քո պետության ոստիկանությունն առանց հատուկ հրավերքի ու լիազորությունների առանձնապես բան չի կարող անել, նույնիսկ եթե շատ ցանկանա։

Իրականում, էս «Բաքո էքսպրեսի» ուղևորների կոնտինգենտի համալրումը պայմանավորված է ոչ միայն անարդարություններով, մարդկային հիմարությամբ ու ստորությամբ, այլև նրանով, որ երևույթն ինքնին այդպես էլ չի տաբուացվում հանրային գիտակցության մեջ, իսկ շնորհիվ որոշ մեդիա միավորների ու անհատների՝ նույնիսկ արդարացվում ու տողատակերով գովերգվում է։

Մանկուրտների մասով ամեն ինչ պարզ է, ու ըստ իս՝ գնում են, թող շուտ գնան, որքան շուտ, այնքան լավ։ Ի վերջո, մարդուն չի կարելի արգելել լինել իմբեցիլ ու/կամ սրիկա։ Խնդիրը գնացողները չեն, խնդիրը դամ պահող ու շաբաշ անող մնացողներն են, որոնք, չես էլ հասկանում, թե ում ջրաղացին են ուզում ջուր լցնել իրենց պսևդո-ընդդիմադիր, պսևդո-արդարատենչ ու էլ ավելի պսևդո-պրոֆեսիոնալ զեղումներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել