Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հնարավորություն ունի իր ձեռքի տակ եղած ռազմական ճնշման միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառելու, թեկուզ դիպուկահարներին գործի դնելու միջոցով, այսինքն` կարողանում է իր քաղաքական պահանջները նաև գործնական կոնկրետ քայլերի միջոցով կյանքի կոչելու փորձեր կատարել, մինչդեռ հայկական կողմերը որևէ ինքնուրույն արդյունավետ լծակ չունեն ստիպելու Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը: Պաշտոնական Երևանը, Մադրիդյան սկզբունքներին հավանություն տալով, ինքն իրեն ու արցախյան իշխանություններին մի այնպիսի իրավիճակի մեջ է դրել, երբ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարված նպատակին հասնելու համար հայկական կողմերը կարող են միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի «ապակառուցողական» ագրեսիվ գործողությունները: Այսինքն՝ հայ բանակցողներն իրենք իրենց համակարգային ռազմա-քաղաքական կաթվածի վիճակի մեջ են գցել, իսկ արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին ճակատային գծում: 
Իրավիճակը հնարավոր է փոխել և պաշտոնական Բաքվին միանգամայն այլ քաղաքական ու ռազմական պահվածք պարտադրել, ընդ որում՝ բացառապես որոշ կոնկրետ իրավա-քաղաքական քայլեր պարունակող համալիր ծրագրի գործարկման միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել