Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի (85 կգ) համար Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հաղթելը հոգեբանական առումով շատ կարեւոր էր: Ռիո 2016-ում արմունկի ծանր վնասվածքից, վիրահատությունից ու վերականգնողական երկար փուլից հետո նա 1-ին անգամ ոսկե մեդալ նվաճեց: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ իր համար դժվար էր հավատալ, որ կարող է նորից նման հաջողության հասնել:

«Ծանր վնասվածքից հետո նորից կարողացա կանգնել պատվո հարթակի վերին աստիճանին: Ինձ  համար սա մեծ նշանակություն ունի, քանի որ վնասվածքից հետո չէի էլ մտածում, որ կարող եմ հաղթահարել ու նորից չեմպիոն դառնալ: Հոգեբանական առումով շատ կարեւոր էր, հաղթանակն ամեն ինչը մոռացնել տվեց: Կշարունակեմ նույն ոգով»,- ասաց նա:

Ամռանը Թայփեյում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում Անդրանիկ Կարապետյանն արծաթե մեդալ էր նվաճել երկամարտի 364 կգ արդյունքով: Հոկտեմբերի 15-22-ն Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոն դարձավ՝ երկամարտում գրանցելով 360 կգ: Նաեւ պոկում վարժությունում փոքր ոսկի նվաճեց 170 կգ-ով, իսկ հրումում՝ փոքր արծաթ 190 կգ-ով: Նշում է, որ աստիճանաբար փորձում է հարմարվել 85 կգ քաշային կարգին, որում հանդես է գալիս վնասվածքից հետո: Մինչեւ այդ պայքարում էր 75 կգ-ում:

«Այստեղ կիլոգրամները քիչ էին, բայց դա էլ էր բավական չեմպիոնության համար: Ձեռքս դեռ լիարժեք չի ապաքինվել, այդ պատճառով էլ 85 կգ քաշայինների արդյունք դեռ ցույց չեմ տալիս: Բացի այդ՝ քաշային կարգս նոր եմ փոխել, դեռ չեմ էլ հարմարվել: Աստիճանաբար սովորում եմ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել