Life.tert.am-ը գրում է.

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն արդեն Չինաստանում է, որտեղ նոյեմբերի 18–ին կմասնակցի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։  Tert.am Life–ի հետ զրույցում Լիլին պատմել է, թե ինչպես է անցնում առօրյան Չինաստանում, ինչ բարդություններ է հաղթահարել և ինպես է նախապատրաստվում «Միսս աշխարհին»։

«Այստեղ ամեն բան շատ հրաշալի և հետաքրքիր է։ Այցելել ենք տեսարժան վայրեր։ Օրեր առաջ չինական ներկայացման ենք հաճախել, այնքան տպավորիչ էր։ Մարդիկ էլ բարի են և հյուրընկալ։ Առաջիկայում այցելելու ենք տարբեր քաղաքներ և տեսարժան վայրեր, ծանոթանալու ենք այստեղի մշակույթին»,– ասաց Լիլին։

17–ամյա աղջիկը տրտնջալ չի սիրում, սակայն խոստովանեց, որ սկզբնական փուլում իր համար բարդ էր։ Լիլին առաջին անգամ է ճամփորդում, դեռահաս աղջկան բաժին է հասել միայնակ ճամփորդությունը, ինչն էլ փոքր–ինչ դժվարացրել է իրավիճակը։

«Սկզբնական շրջանում դժվար էր։ Ես շուտ չեմ ադապտանում։ Օտար երկրում, անծանոթ մարդկանց միջավայրում դժվար է միայնակ, բայց հիմա արդեն հարմարվել եմ։ Այստեղ մեր անվտանգությունն ապահոված է։ Բացի այդ, շուտով ինձ կմիանան մարդիկ «Միսս Արմենիայի» անձնակազմից»,– նշեց երիտասարդ աղջիկը։

Ավելի վաղ «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը նշել էր, որ Լիլին ունի որոշակի խնդիրներ, որոնք ակնկալում է շտկել մինչև նրա Չինաստան մեկնելը։ Մեր մասնակցից հետաքրքրվեցինք` իր կարծիքով հաջողվե՞լ է շտկել խնդիրները։

«Խնդիրը կաշկանդվածությունն էր։ Քանի որ առաջին անգամ էի այդպիսի բեմում, մի փոքր կաշկանդված էի։ 1 ամսվա ընթացքում փորձել ենք լուծել այդ խնդիրը։ Աշխատել եմ պարուսույցի հետ, նաև աշխատել ենք քայլվածքիս, խոսքիս, լեզուների իմացության ուղղությամբ։ Բավականին մեծ աշխատանք ենք արել։ Այստեղ շարունակելու ենք աշխատել քայլվածքիս ուղղությամբ, փորձեր ենք անելու բեմում, նաև պարային շարժումներ ենք բեմադրելու»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել