Երեկ Վրաստանի երեք խոշոր համայնքներում՝ Բաթումիում, Քութայիսիում ու մայրաքաղաք Թբիլիսիում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ հաղթանակ են տարել իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները: Ամենահետաքրքիրը, թերևս, մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ընտրություններն էին, որտեղ, ըստ էության, քաղաքապետ հռչակվեց Միլանի ու Կիևի Դինամոյի նախկին պաշտպան Կախաբեր Կալաձեն: Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը ու դեռ Սաակաշվիլիի իշխանության տարիներին հանդիսանում էր վերջինիս իշխանության ամենակտրուկ ընդդիմախոսը:

Եվ այսպես՝ ինչ է նշանակում Կալաձեի հաղթանակը: Հայտնի է, որ վերջինս վաղուց էր ուզում դառնալ Թբիլիսիի քաղաքապետ, կարելի է ասել՝ դա նրա երազանքն էր: Կալաձեն, ի դեպ, պատկառելի ձայներ է հավաքել՝ մոտավորապես 203 հազար, ինչը կազմում է ընտրողների մոտ 51 տոկոսը, այսինքն՝ հաղթել է հենց առաջին տուրում՝ մնացյալ երկու թեկնածուներին իրենից ետ թողնելով գրեթե 35 տոկոսով: Շատերը համարում են, որ Վրաստանի ժողովրդավարացման գործընթացը կանգ է առել՝ հաշվի առնելով, որ վերջին ընտրություններում՝ լինի դա համապետական, թե ՏԻՄ, հաղթում են իշխանության ներկայացուցիչները: Ավելին՝ ընդդիմության դիրքերը գնալով թուլանում են, իսկ այսօր արդեն նախկին իշխանության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն ընտրություններում հավաքել է 17 տոկոս ձայն: Սակայն զուգահեռ անցկանցելով Հայաստանի հետ՝ կարող ենք արձանագրել, որ այնտեղ Սաակաշվիլիի կողմնակիցների դիրքերը դեռևս ուժեղ են: Ճիշտ է, իշխանությունը նրանք արդեն վաղուց են կորցրել, սակայն ամենակարևորն այս հարցում երևի թե միասնականությունն ու կուսակցական դիսցիպլինան պահպանելն է, նույնիսկ այն դեպքում, երբ նրա անմիջական ղեկավարը երկրում չէ: Հայաստանում այսօր նախ՝ դժվար է ընդդիմադիր կուսակցություն գտնել, ինչ մնաց մի հատ էլ քննարկենք, թե ինչ թեկնածուներ նրանք ունեն ՏԻՄ ընտրություններում: Այս հարցերի պատասխանները շատ սպառիչ կերպով մենք կստանանք նոյեմբեր ամսին, երբ Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել