Այս հարցը շատ ակտուալ է դարձել վերջին ժամանակներս, ու քանի գնա, այն ավելի շատ հանրային շրջանակներ է ընդգրկելու: Ժնևյան վերջին բանակցություններից ու Ադրբեջանի՝ սահմանում սադրանքներից հետո պարզ է դառնում, որ, մեծ հաշվով, արտառոց ոչինչ այդ երկրի քաղաքականության մեջ չի փոխվել՝ ի հեճուկս այն հայտարարությունների, որոնք մենք լսեցինք հանդիպումից հետո: Հայաստանի կառուցողական քաղաքականությունը հանդիպում է այդ երկրի ագրեսիվ ու հակահայկական քարոզչությանն, ու այստեղ արդեն կեղծ պոլիտկոռեկտությունը, ցավոք, միայն դեկլարատիվ հայտարարությունների տեսքով է լինելու: Եվ ուրեմն՝ ինչ է պարզ դառնում:

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն իսկապես հավատում է, որ հասել է ռազմական հաջողության. համենայն դեպս, Ալիևի քարոզչամեքենային դա հաջողվել է: Մեկ այլ բան է, որ ինքը՝ Իլհամ Ալիևը, շատ քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում նոր պատերազմ, ու ինչ էին նշանակում ապրիլյան դեպքերը: Հայաստանը լայնածավալ ու կայծակնային պատերազմում կարող է հաղթել Ադրբեջանին՝ հաշվի առնելով այդ երկրի կառուցվածքը, հայատյացությունը, միևնույն ժամանակ, այդ ատելությունից բխող խուճապի առկայությունը և այլն: Ընդամենը մի փոքրիկ հաջողություն հայկական զինված ուժերի կողմից, ու Ադրբեջանում կսկսվի խուճապ, ինչի դեմն առնելն արդեն դժվար կլինի: Իսկ հյուծիչ պատերազմի պարագայում Հայաստանին այլ ելք չի մնում, քան արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը, նպաստել ներգաղթին, գիտության ու տեխնոլոգիական զարգացմանը: Այս պարագայում արդեն Հայաստանը շատ ավելի քիչ է կախված լինելու միջազգային հանրությունից ու կարող է հույսը դնել բացառապես սեփական ուժերի վրա, պատերազմի առկայության պարագայում էլ համարժեք պատասխան տալ հակառակորդին: Այնպես որ, կարելի է իրապես պատրաստվել երկարաժամկետ իրադարձությունների, թեպետ սա չի նշանակում, որ պետք է անվերջ հանդուրժել ադրբեջանական սադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել