ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել