Թռչող վառ կրակագույն սկավառակները, որոնք առանց որևէ բացառության հարվածում են բոլոր հակառակորդներին, ֆիլմերից և լեգենդներից դուրս եկած միֆեր չեն, այլ իրական զենքեր, որոնք օգտագործել են հնդիկ զինվորները: Սակայն եկեք ամեն դեպքում սկսենք միֆոլոգիայից և կրոնից. Հնդկաստանից խոսելիս սրանց մասին չի կարելի մոռանալ: Ըստ լեգենդների՝ յուրօրինակ զենք չակրան (կամ չակրամը) երեք գլխավոր աստվածների՝ Բրահմայի, Շիվայի և Վիշնայի նվերն է: Առաջինը զենքին կրակ է տվել, երկրորդն օժտել է զենքին երրորդ աչքի կախարդական ուժով, իսկ երրորդը իրար է միացրել բոլոր բաղադրիչները՝ կրակե սկավառակ ստանալով: Ապացուցելով մյուս աստվածներին, որ նա կարողանում է տիրապետել հզոր սկավառակին, Վիշնան սկսեց չար ուժերի դեմ պայքարել այս զենքով:

Իհարկե, սա ընդամենը գեղեցիկ հեքիաթ է, իսկ չակրայի առաջացման իրական պատմությունը կարող է մի շարք հարցեր առաջացնել: Տեսություններից մեկի համաձայն՝ հինհնդկական զենքի նախատիպն է հանդիսանում հասարակ քարը, որի միջոցով նեոլիթյան դարաշրջանի որսորդները սպանում էին կենդանիներին: Ժամանակի ընթացքում քարը վերածվել է սկավառականման ֆրագմենտի, որը սուր եզրեր ուներ: Այն օգտագործում էին նետելու համար:

Չակրայի տեսակներ

Հնդկաստանի բնիկները կարծում էին, որ չակրայի՝ որպես զենքի օգտագործումը չէր կարող ոչ մի կերպ վնասել դրա սեփականատիրոջ կարմային: Թշնամուն հեռվից ոչնչացնելը չէր վնասում մարդու աուրան, ներքին աշխարհը: Համարվում էր, որ նետելիս չակրան գործում է ինքն իրեն, իսկ մարդն ինքնին մասնակցություն չի ունենում սպանության մեջ: Զենքի սուր եզրերն ի զորու էին մի քանի վայրկյանի ընթացքում կտրելու հակառակորդի վերջույթները կամ անգամ գլուխը:

Փորձառու մարտիկը չակրայի օգնությամբ կարող էր ոչնչացնել թշնամուն 150 մ հեռավորությունից: Չակրան նետելու համար անհրաժեշտ էր սկզբում պտտեցնել այն մատի կամ հատուկ ձողի վրա: Սակայն առավել վտանգավոր էր հենց նետման պահը, որը կատարում էին ցուցամատի և միջնեմատի միջով անցկացնելով: Պարզ է, որ նետում կարող էր կատարել միայն փորձառու զինվորը, հակառակ դեպքում կարող էր մարդն ինքն իրեն վնասներ հասցնել:

Սիկհերի ժառանգը ցուցադրում է չակրային տիրապետելու իր վարպետությունը.

Մինչև 12-րդ հարյուրամյակն ունևոր ընտանիքների բոլոր երիտասարդ տղաները պարտավոր էին սովորել, թե ինչպես են օգտագործում հին աստվածների զենքը: Այնուհետև հնդիկներն սկսեցին փոխառել այլ ազգերի զենքեր ևս, և ժամանակի ընթացքում չակրան սկսեց կորցնել իր արդիականությունը մարտական գործողությունների ժամանակ: Այն սկսեցին կիրառել միայն պալատական որոշ թիկնապահներ:

Միայն 16-րդ դարում չակրան կրկին սկսվեց օգտագործվել մարտի դաշտում: Հինհնդկական զենքը «վերակենդանացրին» սիկհերը՝ սիկհիզմ կրոնի հետևորդները: Իրենց պատմության ողջ ընթացքում սիկհերը մասնակցել են տարբեր պատերազմների՝ պաշտպանելով իրենց կրոնը հակառակորդներից: Նրանք ստիպված էին պատերազմելու այնպիսի մարտավարություն ընտրել, որը հիմնված կլիներ կայծակնային արագություն ունեցող և դաժան հարվածների վրա:

 
Սիկհերը՝ զինված չակրաներով

Սիկհերի ռազմական դոկտրինան հիմնվում էր « 2.5 հարվածի» սկզբունքի վրա: Հինհնդկական ցեղն առաջին հերթին գաղտնի կերպով մոտենում էր հակառակորդին, ինչն էլ ապահովում էր հաղթանակի 1/3-ը: Այնուհետև հանկարծակի հարձակում էին գործում, որը շոկի մեջ էր գցում հակառակորդին: Սակայն անկախության համար պայքարողները պայքարի վերջին փուլում հեռանում էին՝ չթողնելով հակառակորդին հակահարվածի անցնել: Հենց սրանում էր կայանում ռազմավարությունը՝ հարձակումը առավելագույնս սարսափելի և վտանգավոր կազմակերպել, սակայն չշարունակել պայքարը մինչև վերջ:

Այս անգամ նույնիսկ հրազենի լայն տարածումը չնվազեցրեց մահացու սկավառակների արդիականությունը, որոնք հաշված վայրկյանների ընթացքում մարտի դաշտից դուրս էին հանում զինվորների մի ամբողջ շարքի: Չակրան դարձավ սիկհերի հոգևոր-փիլիսոփայական մշակույթի մի մասը:

Զենքի պատկերը տեղ է գտել սիկհերի զինանշանի վրա, որը կոչվում է «կհանդե»: Ռազմական զորքերի խորհրդանշանների վրա ևս կարող եք հանդիպել չակրայի պատկերների: 

                                                           Սիկհերի զինանշանը՝ կհանդեն           

19-րդ դարի 50-ական թվականներին, երբ բրիտանացիները ոչնչացրին սիկհերի բանակը, գաղութատերերը զինաթափ արեցին Հնդկաստանի ողջ բնակչությունը: Չակրան օգտագործելու հմտությունները հետզհետե մոռացվեցին: Այն զվարճանքի միջոց դարձավ, որը երբեմն որպես ուղղակի զարդարանք էր օգտագործվում: Եվ միայն Հնդկաստանի մի քանի կրոնական վայրերում են այսօր հիշում, թե ինչ հզոր զենք է եղել չակրան, որը ստեղծվել է երեք մեծ աստվածների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել