Ոմանք խելագարվում են կծու ուտելիքների համար, մինչդեռ շատերը չեն կարողանում ուտել կծու պղպեղի անգամ մի փոքր կտոր։ Սակայն իրականում ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում, երբ կծու պղպեղ է ուտում։

Սկզբում կծու պղպեղն այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես բերանի խոռոչում հրդեհ է բռնկվել, սակայն իրականում ջերմաստիճանի բարձրացում չի լինում։ Այդ զգացողության պատճառը կծու պղպեղներում առկա քիմիական միացությունն է, որը կոչվում է կապսաիցին։ Այն միանում TRPV1 նյարդի ցավի ռեցեպտորներին և նմանատիպ զգացողություն առաջացնում. հայտնի է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում TRVP1 նյարդը ցավի ազդանշաններ է ուղարկում ուղեղ։ Կապսաիցինի օգտագործման դեպքում նույնպես նյարդը նմանատիպ ազդանշաններ է ուղարկում, ինչի պատճառով էլ մեզ թվում է, թե բերանն այրվում է։

Քանի որ ձեր ուղեղը ստացել է սխալ ազդանշաններ և կարծում է՝ բերանն այրվում է, օրգանիզմը սկսում է ինքնուրույն հովացում կատարել։ Այդ պատճառով քրտնարտադրություն է սկսվում, դեմքը կարմրում է, աչքերը արցունքոտվում են, ինչպես նաև քթից հեղուկ է սկսում հոսել։ Հենց այս կերպ է մարմինը փորձում «հանգցնել» կրակն ու հովացնել մարմինը։

Ծայրահեղ դեպքերում կծու պղպեղի օգտագործումը կարող է կոկորդի այտուցում, փսխում և անգամ անաֆիլակտիկ շոկ առաջացնել։ Երևի ձեզ մոտ էլ հարց առաջացավ, թե այսքանից հետո ինչո՞ւ են մարդիկ սիրում կծու ուտելիքներ։

Ցավի ազդանշաններին որպես պատասխան ուղեղում արտադրվում է էնդորֆին և դոֆամին։ Այս երկու տարրերի միացումից մարդու մոտ սկսվում է էյֆորիա՝ բարձր տրամադրություն, երանություն և երջանկություն։

Ահա, թե ինչու են ոմանք խելագարվում կծու ուտելիքների համար. կապսաիցինն առաջացնում է երջանկության նույն զգացումը, ինչ թմրանյութերի մեծ մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել