Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրուցել է Մեծամորի ատոմակայանի փակման հնարավորության մասին: Բագրատյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում նշված է փակման մասին, սակայն ժամկետներ ասված չեն: Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ ժամանակ է տրվում այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ որոնել: Սերգեյ Բագրատյանը հույս ունի, ավելին՝ համոզված է, որ  ԱՄՆ-ի՝  վերականգնողական էներգետիկ ոլորտում 8 մլրդ ներդրումը կյանքի կկոչվի: Բագրատյանի խոսքով՝ եվրոպական երկրներում Ատոմակայանի այլընտրանք գտնելուն պես փակում են դրան, քանի որ առանց ատոմակայանի ավելի անվտանգն է:

- Պարո՛ն Բագրատյան, օրերս հրապարակվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, որտեղ տեղ էր գտել Մեծամորի ատոմակայանի փակման հարցը՝ հաշվի առնելով նաև այն, որ շահագործման ժամկետն անցել է: Ի՞նչ եք կարծում ՝ սա վտանգավոր չէ ՀՀ-ի համար։

- Այո՛, ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում կա Ատոմակայանի փակման հարցը, բայց ժամկետներ նշված չեն: Սա նշանակում է, որ ԵՄ-ն հաշվի է առնում  ՀՀ էներգետիկ անվտանգության հրատապ խնդիրը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ժամանակ պետք է տրամադրել փակելու համար, բայց, անպայման, մինչ այդ հարկավոր է ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի փոխլրացվեն մեր էներգետիկ կարիքները: Եթե մենք ԵՄ-ի շնորհիվ կարող ենք այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կառուցել և հզորությունները մեծացնել, այսինքն՝ կոնպենսացնենք Ատոմակայանի կողմից արտադրվող Էներգիայի չափը, որը էներգետիկ հզորության մոտ 40 տոկոսն է, ապա ավելի անվտանգ է առանց ատոմակայան շարունակել արդյունաբերության, տնտեսության զարգացումը: Հակառակ դեպքում` մենք կունենանք էներգետիկ ճգնաժամի խնդիր:

- Հայաստանում Ատոմակայանը միայն էներգետիկ հարց չի լուծում, այն նաև դիտարկվում է ռազմավարության ու անվտանգության համատեքստում: Ի՞նչ եք կարծում՝ ավելի շահեկան է գնալ վերանորոգմա՞ն , թե՞ փակման ճանապարհով՝ հաշվի առնելով նաև այն, որ ատոմակայան ունեցող երկրների վրա հարձակվելիս երկար են մտածում։

- Այնպես չէ, որ մենք, գտնվելով պատերազմի մեջ, ունենք այնպիսի քաղաքակիրթ հակառակորդ, որը հաշվարկի ռիսկերը, որ Ատոմակայանի վնասման դեպքում կվնասվեն ոչ միայն հայկական, այլ Ադրբեջանական տարածքներ: Չեմ կարծում, որ մեր հակառակորդն այդքան խոհեմություն ունի: Այստեղ մենք պետք է ավելի շատ հաշվարկենք այն վտանգներն ու վնասերը, որը կարող է  կրել մեր հասարակությունն ու երկիրը: Տարիների ընթացքում ապացուցվել է՝ որևէ ատոմակայան անվտանգ չէ, բայց ատոմակայանի շահագործման կանոնների հետ կապված մենք այս պահին ունենք միջազգային փորձագետների դրական եզրակացությունը, այսինքն՝ ատոմակայանը կարող է շարունակել իր աշխատանքը: Չեմ կարծում, թե այսօր Ատոմակայանի խնդիրը հրատապ  է, բայց, իհարկե, պետք է ընդգրկել ռազմավարական ծրագրում և մտածել այլընտրանքներ փնտրելու մասին: Նույն Եվրոպայում` մասնավորապես Գերմանիայում,  ատոմակայանների փակման խնդիր է դրվում, քանի որ առաջնային մտածում են իրենց հասարակության անվտանգության մասին: Եվրոպական երկրներում հենց Ատոմակայանին կարողանում են այլընտրանք ստեղծել, անմիջապես փակում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել