Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի քարոզչամեքենայի և քրդական աղբյուրների տկար ու անհաջող գործելաոճը բնութագրող յուրօրինակ իրողություն է Իրաքի դաշնային կառավարության հետ ունեցած, այսպես կոչված, վիճելի տարածքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրապարակումներն ու մեկնաբանություները: 
Բանն այն է, որ հոկտեմբերի 16-ից Իրաքի ԶՈւ-երի և ԻԻՀ հովանավորությամբ գործող «Ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») կողմից Իրաքի Քրդական տարածաշրջանի կառավարության ենթակայության ներքո գտնվող վիճելի տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո՝ հոկտեմբերի 18-ին, երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հրամանով՝ վերոնշյալ զորամիավորումները թողել են զբաղեցրած դիրքերը՝ տարբեր պատճառներով տարածաշրջանում իրավիճակի սրացումից խուսափելու նպատակով, իսկ շրջաններում իրադրության վերահսկողության գործառույթը դրվել է դաշնային ոստիկանության և անվտանգության ծառայությունների վրա: 
Իրաքի բանակային ստորաբաժանումների և «Ժողովրդական աշխարհազորի» հետքաշման թեման քարոզչական նպատակով փորձել են օգտագործել մի շարք քրդական պաշտոնական շրջանակներ և լրատվամիջոցներ, որոնք ապատեղեկատվություն են քարոզել առ այն, թե «օկուպացված» շրջաններում քուրդ բնակչությունն ապստամբել է իրաքյան իշխանությունների դեմ, իսկ քրդական փեշմարգայի զորամիավորումներն աստիճանաբար վերականգնում են կորցրած տարածքների վերահսկողությունը՝ դուրս մղելով հակառակորդին:
Իրականում անցած օրերին Իրաքի նշված շրջաններում որևէ առարկայական իրավիճակային փոփոխություն չի արձանագրվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել