Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան համայնքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակել։ Նախկին ղեկավար Արտակ Հանեսյանին փոխարինել է Արթուր Ստեփանյանը։ Արտառոց ոչինչ չէր լինի, եթե հանրությանը հայտնի չլիներ այս թեմայի հիմնական դերակատարներից մեկի՝ Միհրան Պողոսյանի ֆակտորը։ Քանաքեռ-Զեյթունը, ինչպես գիտենք, համարվում է նրա «ազդեցության գոտին», ու ենթադրվում է, որ այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն առանց նրա իմացության տեղի չի ունենում։ Սակայն իր հերթին Միհրան Պողոսյանը բավականին բարդ հարաբերություններ ունի Տարոն Մարգարյանի հետ, սակայն Տարոն Մարգարյանը՝ որպես վարչարար, կարողանում է ընդհանուր լեզու գտնել Պողոսյանի հետ, և ով էլ նշանակվի վարչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում, դա լինում է երկուսի համաձայնությամբ ու համատեղ կոնսենսուսով։ Այս դեպքում նույնպես դավադրություն փնտրել պետք չէ, որովհետև նա, ով նշանակվել է, կատարելու է նույն գործառույթներն, ինչ իր նախորդը, իսկ փոփոխությունը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ, օրինակ, Հանեսյանն ինչ-որ ձևաչափով չի գոհացրել ո՛չ Պողոսյանին, ո՛չ Մարգարյանին։ Այնպես որ, անկախ իրենց տարաձայնություններից՝ Տարոն Մարգարյանն ու Միհրան Պողոսյանը բավականին պրագմատիկ մոտեցումներ ունեն, այսպես կոչված, ընդհանուր գործի բարօրության վերաբերյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել