Գերմարդկային բարությամբ ու իր երաժշտության պես մաքուր ու զուլալ.  երեկ մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները հնչեցին Զվարթնոցի կամարների ներքո՝ բաց ու աստղազարդ երկնքի տակ: «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոյին ներկա էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու մանսուրյանական երաժշտության սիրահարները:

Անցյալ դարի 70-ականների հայկական կինոերաժշտության ֆենոմենը սիրելի բանաստեղծների՝ Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունները միաձուլել էր իր երաժշտությանը՝ դարձնելով  երգեր:

«Հայ գրողների բառերն ինձ թելադրում են հնչյուններ: Իմ երազանքն է եղել ունենալ համերգային այնպիսի ծրագիր, որի հիմքում կլիներ հայ դասական պոեզիան: Սա մի մասն է այն ամբողջ աշխատանքի, որ ես տասնամյակների ընթացքում  կուտակել եմ՝ աշխատելով այս երկու բանաստեղծների հետ»,- ասաց կոմպոզիտորը: 

IMG_2600

IMG_2605

IMG_2606

Երեկոյի ընթացքում երաժիշտները կատարեցին հեղինակի «Ռեքվիեմ»-ը, «Տարվա եղանակներ»-ը, «Զուգահեռ երգեր» երգաշարը, որով կարծես հենց ինքը՝ մաեստրոն էր նվագում մարդկային հոգու նուրբ լարերին. «Առաջին անգամ ներկայանում եմ այսպիսի մեծ ծրագրով, հատկապես ուշադիր եմ եղել, որ առաջին բաժնում ամբողջությամբ հնչի հայ պոեզիան՝ հայոց բանաստեղծության հիմքի վրա ստեղծված գործերս, իսկ երկրորդ բաժնում ներառել եմ լատինատառ ակադեմիական այն կառույցը, որ կոչվում է «Ռեքվիեմ»: Այն նվիրել եմ 1915-ի զոհերի հիշատակին։ Լատիներեն է, որ ոչ միայն մենք՝ հայերս, երգենք, այլեւ աշխարհի տարբեր ժողովուրդներ»,- անկեղծացավ Մանսուրյանը:

Հանդիսատեսը  երաժշտության լեզվով Չարենց և Իսահակյան վայելելու հնարավորություն ունեցավ գլխավոր խմբավար՝ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած պետական կամերային երգչախմբի վիրտուոզ կատարմամբ: 

Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացված մաեստրոյի ստեղծագործական երեկոն արդյունք է պատմամշակությաին հուշարձանների տարածքում բացօթյա համերգային ծրագրերի անցկացման, որի նպատակն, ըստ նախարար Ամիրյանի, հուշարձանների հանրահռչակումն է. «Անշուշտ, հանրության մեջ կա այն զգացական ընկալումը, որ Տիգրան Մանսուրյանն ավելի հայտնի է իր կինոերաժշտությամբ, բայց ես կարծում եմ, որ մաեստրոյի կինոերաժշտությունն արտաքին շերտն է՝ փաթեթավորումը մանսուրյանական հոգու, մտածողության, զգացական աշխարհի, որն իրականում շատ ավելի խորն է: Եվ այդ խորը աշխարհից մենք այսօր մի գեղեցիկ փունջ, հրավառություն մատուցեցինք մեր հանդիսատեսին»,- նշեց նախարարը:

IMG_2595

IMG_2638

IMG_2612

IMG_2645

Մաեստրոյի մոտ հիմա որոնումների շրջան է. անավարտ երազանք ունի՝ ուզում է հոգևոր երգերը մեծ  համերգասրահի բեմ բերել. «Մեր խայտաբղետ երգարվեստից գրեթե իսպառ վտարվել են հայ հոգևոր տեքստերը՝ շարականներ, աղոթքներ: Երգարվեստի բնագավառում կարիք կա վերանայելու հայ բանաստեղծական ժառանգության շերտերը: Շատ կուզենայի իմ ստեղծագործական կյանքում տեղ հատկացնել հոգևոր տեքստերին: Դրանք համերգային սրահ բերելու և դրանց վրա երաժշտություն ստեղծելու ցանկություն ունեմ, բայց չգիտեմ՝ ինչքանով Աստված օգնական կլինի ինձ, որպեսզի կարողանամ ծրագիրն ավարտին հասցնել»,- խոստովանեց լեգենդը:  

«Մաեստրոյի մեծությունը ոչ միայն նրա՝ տարածում գտած եզակի գործերի, ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների վեհության մեջ է, այլ նաև այն բանի, որ Մանսուրյանը միշտ մնաց այնպիսին, ինչպիսին կա, երբեք չփոխեց իր «շապիկը», մնաց գեղջկական ու կոմիտասյան ժողովրդական ու ազգային ստեղծագործությունների պրիզմայի մեջ»,- նշում են լեգենդի ընկերները: Ֆիլմերում հնչած մանսուրյանական երաժշտությունը մեկ այլ աշխարհ է՝ Փարաջանով-Մանսուրյան, Ա.Մկրտչյան-Մանսուրյան, Հ.Մալյան-Մանսուրյան՝ արդյունքում անմոռանալի ու երբեք չծերացող գործեր, որոնք, ասես, յուրաքանչյուրի հոգուց է բխում:

IMG_2615

IMG_2639

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել