Tert.am-ը գրում է.

Ինչո՞ւ պետք է Ադրբեջանի սրտով լինի և Ադրբեջանը ցանկանա, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունենա նաև եվրոպական ընտանիքի հետ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ հետ, դրան գումարած՝ ԵՄ հետ, ինչն, իհարկե, դուր չի գա Ադրբեջանին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ աշխարհը հիացած չէ նրանով, որ Հայաստանը փորձում է իր ազգային խնդիրները լուծել:

- Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին, հրապարակվել է: Մինչ այս, շատ էին տեսակետներն այն մասին, որ տեքստը չի հրապարակվում գուցե այն պատճառով, որ փաստաթուղթը չի ստորագրվելու: Հիմա, երբ այն հրապարակված է, կարո՞ղ ենք վստահ լինել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Ձեր խոսքում կար հարցի պատասխանը: Եթե մի համաձայնագիր հրապարակվում է, դա նշանակում է, որ կողմերը շատ լուրջ են տրամադրված և չունեն այդ պահի դրությամբ խնդիրներ, որ համաձայնագիրը կյանքի կոչվի: Ցանկացած փաստաթուղթ հրապարակային են դարձնում այն ժամանակ, երբ այն պատրաստ է, քննարկման փուլում անիմաստ է հրապարակել այն: Այն գործընթացը, որը մենք նախաձեռնել էինք, որը որոշ ժամանակ կիսասառեցված վիճակում էր, նոր որակ ստացավ: Մենք գնում ենք դեպի այդ համաձայնագրի ստորագրումը, որը մեր պետության համար շատ կարևոր է, համապատասխանում է մեր ազգային անվտանգության ռազմավարությանը:

Մենք կունենանք տարբեր որակի տարբեր հարթություններում հարաբերություններ տարբեր կառույցների հետ: Ունենալով սերտ հարաբերություններ Եվրասիական տնտեսական միության հետ, որտեղ ակտիվ աշխատում ենք, որի ստեղծման ակունքներում ենք կանգնած, լինելով ՀԱՊԿ անդամ, մենք միաժամանակ համաձայնագիր ենք ստորագրում Եվրամիության հետ, մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Փառք Աստծո, որ մեր գործընկերները ըմբռնումով են մոտենում սրան, որովհետև համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած մեր պարտավորություններին, այն լրացնում է: Մենք պետք է և՛ ԵԱՏՄ-ում լինենք, և՛ ԵՄ հետ համագործակցենք, և՛ ՀԱՊԿ անդամ լինենք, և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք:

Մենք շահեկան դիրքերում ենք հայտնվում ԵԱՏՄ անդամ-պետությունների նկատմամբ, որովհետև նրանցից որևէ մեկը նման համաձայնագիր կնքելու հնարավորություն չունի:

- Պարո՛ն Նիկոյան, ամեն դեպքում շատ են կասկածներն այն մասին, որ գուցե փաստաթուղթը չստորագրվի: Խոսվում է նաև նրա մասին, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղափոխվել մինչև տարվա վերջ: Կա՞ն արդյոք խոչընդոտներ այս համաձայնագրի ստորագրման համար:

- Այս պահի դրությամբ նման խոչընդոտներ չեմ տեսնում: Չեմ ասում խոչընդոտներ չկան կամ չեն կարող լինել, բայց այս պահին ես խոչընդոտող հանգամանքներ չեմ տեսնում: Շատերը կցանկանան, որ Հայաստանը չունենա ԵՄ հետ այն հարաբերությունները, որոնք խոստանում է այս փաստաթուղթը: Սա ոչ բարեկամական մոտեցում է: Բայց դա իրենց խնդիրն է, իսկ մեր խնդիրն է գնալ այն ճանապարհով, որը ձեռնտու է մեր պետության, մեր ազգի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել