Երեք գետերի հովտում է հիմնված Վայոց Ձորի Շատին գյուղը: Այն ձգվում է Վարդենիսի ու Գեղամա լեռնապարի արանքով՝ գրեթե վեց կիլոմետր երկարությամբ: Այն հիսաքանչ է, գրավիչ, իսկական տուրիստական գոտի: Եթե խղճով տեր ունենա, դժվար թե մրցակից ունենա՝ իմ երազած զարթոնքով, քարից ոսկի հաց քամող իր աշխատասեր ժողովրդով: Ավա՜ղ, նահանջ է ապրում: Ժամանակը սլացել է առաջ, իսկ բնակավայրն իր մարդկանցով այնքան հետ, ասես մի ոստյունով թռել-մտել է «քարե դար»: 
Այնքան նեղ է այս համայնքի բնակչության մտածողության դաշտը, որ ոչ միայն հոգ չի տանում մի անգամ տրված իր կարճ կյանքի մասին, այլև որպես բոլոր կենդանիների կատարելագործված տիպ, չի գիտակցում՝ ինչ է անում, ինչի՞ համար մեկը երգում, բոլորը ձայնակցում են: Ահա գյուղի ու գյուղացու ողբերգության ակունքը: Առանց հեռուն գնալու նշեմ, որ այս նույն ամբոխը անցյալ տարի ընտրեց ժողովրդի ընդերքից դուրս չեկած մեկին՝ Տիգրան Խուդոյանին՝ որպես համայնքապետ, առանց ճանաչելու, իմանալու նրա տենչանքների, ձգտումների մասին, առանց ըմբռնելու, որ սա իր էությամբ նախադեպը չունեցող «կադր է»: 
Այսօր ընտրվածին թվում է, թե Նապոլեոնի հետ Եվրոպայի բոլոր մայրաքաղաքներն է մտել, հպարտ է, ինքնիշխան, իր աշխարհն ունի, իր բևեռները, իր էպիկենտրոնային կրակն ու կամայականությունները, բայց որ նոր խոհ ու խորհուրդ չի բերել, վաստակ, պատիվ, հարգանք չունի, իրեն ըստ պատշաճի չի դրսևորել, իր կարիերան, իր ատամի ցավը, իրեն ավելի շատ է հետաքրքրում, քան քառասուն երկրաշարժերն Աֆրիկայում, ո՞ւմ է պետք:
Դեռ ավելին՝ գյուղը դեռ տնքում է աղբակույտերի ծանրության տակ, գյուղամիջյան ճամփաներն անբարեկարգ են, ինքը չորս տեղ է աշխատում, իսկ հազիվ աշխատանքի տեղավորված աղքատներին ազատում է գործից, չի հոգում տառապանքի ուղիներով անցած ժողովրդի մասին, բոլորովին չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ոչ թե ունի ակներև հաջողություններ, այլ ցավալի թերություններ, նրա օրոք գյուղը նոր լիցք ու բովանդակություն չի ստացել: Հերոսական մեր կյանքը թևակոխել է իր եզրափակիչ փուլը, իսկ Տիգրանն այժմ էլ պայքարում է գավառապետության համար: Կարծում եմ՝ այդպիսիներին տեղ տալն առնվազն հիսաթափություն է, ուրիշ ոչինչ... 
Ինչպես կասեր կախարդ լոռեցին, միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում՝ ո՞վ է մեղավոր, բայց իմ կարճ խելքով այնքան եմ հասկանում, որ ապրել չի լինի այսպես ամեն օր:
Հարգե՛լի գյուղացիներ, ես ցավագին անհանգստություն եմ ապրում... Մարդու տեղն ու դիրքը որոշելու համար ոչ թե նայեք նրա արտաքին տեսքին ու շուրջը ստեղծված լուսապսակին, այլ գործին, բնավորության գեղեցիկ, ազնիվ բարեմասնություններին: Դուռը միշտ փակ պահեք անառակ որդիների առջև. մի եղեք կյանքի շուկայում էժան ծախվածներ: Ամեն ամպից կայծակ չի ծնվի: Երբեք մի վերցրեք այն, ինչն անհրապույր էությամբ ընկած է փողոցում: Ընտրեք նրան, ով հարմար է բարեխղճության ու գործիմացության տեսակետից, ով վարվեցողության պակաս չունի, ով վեհ է ու աստվածային:
Ժաննա Զաքարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել