Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Panorama.am-ի թղթակիցը հանդիպման թեմայի շուրջ զրուցել է ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ։

Panorama.am- Պարոն Բեքարյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպման արդյունքները։

Կարեն Բեքարյան- Նորմալ։ Հանդիպման հետ կապված շատ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել։ Միևնույն  ժամանակ կարևորում եմ, որ շփումը լինի և գործընթաց լինի։ Հետևաբար, արդյուքների գնահատականն էլ՝ համարժեք դրան։ Հանդիպումը գնահատում եմ նորմալ, այն առումով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը. բնական է, որ բանակցությունները պիտի ընթանան, որովհետև հակառակ պարագայում ակնկալել որևէ առաջընթաց հնարավոր չէ։ Այլ հարց է, որ միայն բանակցությունների ընթանալը առաջընթաց չի երաշխավորում։ Բայց չլինելու դեպքում առաջընթաց ընդհանրապես չի լինի։ Գիտեք, որ հանդիպումից անմիջապես հետո Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում ամեն ինչից զատ՝ նաև օբյեկտիվորեն նշված էր՝ առանց Արցախի լիարժեք մասնակցության խելքին մոտ արդյունքներ ակնկալել չի լինի։ Այն  հատվածով, որ կա շփում և կա դրական ընթացք, սակայն մեծ առաջընթաց կամ բեկումնային իրավիճակ չունենք, դրա համար էլ հանդիպման արդյունքների վերաբերյալ միջինացված վերաբերմունք ունեմ։

Panorama.am- Ձեր կարծիքով, ճի՞շտ են հանդիպմանը հաջորդած այն գնահատականները, որ Հայաստանը հետնահանջ է ունեցել, զիջել է դիրքերը։

Կարեն Բեքարյան- Նման գնահատականների ինքս հանդիպել եմ, սակայն ոչ մեկի ներքո որևէ հիմնավորում չեմ տեսել։ Ինչ-որ իմաստով ծիծաղելի իրավիճակ է ստեղծվում՝ չհիմնավորողի ասածին հիմնավորող պատասխան տալ։ Բայց իրականում փորձենք միասին, խնդիրները տարանջատելով՝ հասկանալ՝ ուր ենք։

Անցած տարվա ապրիլյան պատերազմով և դրան հաջորդած զարգացումներով Ադրբեջանը, բացի ռազմի դաշտում դրված ինչ-ինչ նպատակներից, որոնց իդեպ չհասավ, հիմա քաղաքական երկխոսության ընդհանուր գործընթացի և իր դիրքերի ամրապնդման որոշակի նպատակ ունի։ Այսինքն՝ կար ակնկալիք, որ ապրիլյան պատերազմի ավարտվելուց հետո Ադրբեջանն ունենալու է դիրքերի էական բարելավում։ Հարց. այդ ակնկալիքը որևէ կերպ արդարացա՞վ։ Եթե հիմա փակենք տարուց ավել տևած ցիկլը, ականատեսն ենք ինչի՞. Ադրբեջանի մոտ տպավորություն կար, որ ինքը ուժի սպառնալիքով և կիրառմամբ փորձելու է ինչ-ինչ զիջումներ կորզել հայկական կողմից։ Միևնույն ժամանակ կար ակնկալիք, որ դրանով ինքը, ի հաշիվ ստացած պայմանական ասած դիվիդենտների, նոր իրավիճակի կբերի համանախագահության գործելաոճը կամ իր նկատմամբ վերաբերմունքը։ Այսօր կարելի է արձանագրել, որ որևէ կերպ նշված գծերից և ոչ մեկում նա արդյունք չունի։ Այսինքն՝ չկա որևէ հիմնավորում՝ ցույց տվող թեկուզ մազաչափ դիրքերի զիջում։ Կա հակառակը։ Հակառակն արտացոլվում է հետևյալով. Ալիևը գնաց ավանտյուրայի՝ ապրիլյան պատերազմի, և այդ ավանտյուրայի ընթացքում իր համար ոչ մի լրացուցիչ շահեկան իրավիճակ չունեցավ։ Ընդամենը երեկ ԱՄՆ-ում քննարկումներ էին։ Նայեք դրանց ժամանակ հիմնական զեկուցողների ելույթները։ Սա արտաքին ֆոնի տարրեր է ցույց տալիս՝ ինչպես են անդրադառնում, ինչպես են մտածում։ Նայենք ստորագրման պատրաստ ԵՄ-ի հետ փաստաթղթի քաղաքական բլոկում Արցախյան հարցի անդրադարձը։ Որտե՞ղ եք տեսնում Հայաստանի հետքայլ, նահանջ կամ Ադրբեջանի առաջխաղացում։ Հորինել հնարավոր է ամեն ինչ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նաև ցույց տվեց, որ գործընթացը շարունակականության ինչ-որ փուլ մտավ։ Կա հայտարարություն, որ նախատեսվում է աշխատանքի փուլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այսինքն՝ ինչ-որ կետից գործընթացը շարժվեց։ Սրան զուգահեռ՝ ՀՀ նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վստահաբար անդրադարձավ նույն բանին, ինչին անդրադարձել էր բանակցային սեղանին։ Այն է՝ Ղարաբաղի հետ կապված բոլոր կարմիր գծերն առկա են, և որևէ զիջում չի լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել