Զինված ուժերի տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:

ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում:

Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում:

ՊՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը:

Ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները (նշանակետերը) պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:

Մեծ ուշադրություն է դարձվում հրետանու կրակի սպասարկման նպատակով ռադիոտեխնիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության համալիրների (սարքերի) և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել