Հոկտեմբերի 18-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը և Կարինե Պողոսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների` բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջև կանոնավոր քաղաքական երկխոսությամբ և բարձրաստիճան փոխայցերով: «Նման մակարդակով այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար»,-ասել է Արա Բաբլոյանը:

Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջև երկխոսության աշխուժացմամբ: Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ-լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարևոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար: ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն:

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջև միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցության զարգացումը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հավելելով, որ Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, վստահեցրել է, որ իր երկիրը եղել և մնում է Հայաստանի լավագույն բարեկամը:
Անջեյ Դուդայը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջև և հույս հայտնել, որ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել