Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:

Այցի ընթացքում կրկին արձանագրվել է, որ Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ՝ կապված նրա առողջական վիճակի և դրանկատմամբ վերահսկողության հետ:

Ներսես Պողոսյանը ներկայացրել է նաև իր քրեական գործի դատական քննությանն առնչվող խնդիրներ, որոնք դուրս են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից:

Տեղեկացնենք, որ Ն. Պողոսյանի՝ հացադուլում գտնվելու նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկել իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է գտնվում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել