Forbes-ը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների ավանդական վարկանիշը։ ԱՄՆ-ի ամենաունևոր մարդկանց ընդհանուր հարստությունը հասել է 2.7 տրիլիոն դոլարի՝ 2.4 տրիլիոն դոլարից։ Ցուցակը գլխավորել է Բիլ Գեյթսը, իսկ ամենից շատ դիրքերը վարկանիշում կորցրել է Դոնալդ Թրամփը։

Վարկանիշում առաջին հորիզոնականը 24-րդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 89 մլրդ դոլար կարողությամբ։ Նրա կարողությունը մեկ տարում աճել է 8 մլրդ դոլարով։ Առաջին եռյակում են ներառվել նաև Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (81.5 մլրդ) և Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը (78 մլրդ դոլար)։ Նրանք դարձել են ավելի հարուստ՝ համապատասխանաբար 14.5 և 12.5 մլրդ դոլարով։

Չորրորդ հորիզոնականը բաժին է ընկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ում կարողությունն աճել է ցուցակի մյուս մասնակիցների շարքում առավել դինամիկ։ Նրա կարողությունն ավելացել է 15.5 մլրդ դոլարով՝ հասնելով 71 մլրդ դոլարի։

Ցուցակում ամենաերիտասարդը դարձել է 27-ամյա Էվան Շպիգելը, ով հայտնի է որպես Snapchat-ի համահիմնադիր (3.1 մլրդ դոլար, 248-րդ տեղ)։

Թրամփը մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար և 156-րդ հորիզոնականից տեղափոխել 248-րդ հորիզոնական (3.1 մլրդ դոլար)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել