Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրաքում ծավալվող գործընթացների հետ կապված՝ Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանիի՝ Քրդստանին, Իրաքին և միջազգային հանրությանը նախօրեին հղված ուղերձն ամփոփվում է հետևյալ մտքերով․ «…Հավաստիացնում ենք Քրդստանի ժողովրդին, որ անում ենք ամեն հնարավորը՝ պահպանելու համար մեր ձեռքբերումները և մարդկանց անվտանգությունը… Մենք հանդես ենք գալիս հանուն Քրդստանի ժողովրդի և քաղաքական կուսակցությունների միասնության պահպանման ու դիմադրության»:
Իսկ ամենավերջում նշվում է․ «Քրդստանի ժողովուրդը վաղ թե ուշ կհասնի իր ճշմարիտ և սրբազան նպատակին: Այսօրը մեր ազգի միասնությանը և ուժին հավատալու համար է»:

Վերոնշյալն, ըստ էության, հավաստում է, որ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարությունը, փաստորեն, հրաժարվում է նախ՝ դաշնային կառավարության ուժերի առաջխաղացմանը ռազմական դիմադրություն ցուցաբերելու հնարավորությունից, ինչպես նաև, գոնե առժամանակ, անկախության հռչակման գործընթացից: Սա նշանակում է, որ Էրբիլի իշխանությունը, օբյեկտիվորեն գնահատելով ստեղծված իրավիճակը, առաջնախնդիր է համարում նախ՝ ներքրդական տիրույթում ծագած լրջագույն տարաձայնությունները հաղթահարելուն, ապա նաև՝ նախկին դաշնակիցների հետ հարաբերությունները կարգավորելուն միտված քայլերի իրականացումը. խնդիրներ, որոնք էականորեն սրվեցին հատկապես վերջին 4-5 ամիսների ընթացքում:

Վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով մի շարք դերակատարների կողմից առաջարկած, դեռևս ստվերային մակարդակում գտնվող միջնորդական նախաձեռնությունները, կարելի է կանխատեսել, որ Իրաքի դաշնային կառավարության և Քրդստանի տարածաշրջանի իշխանությունների միջև հետագա բանավեճը կարող է տեղափոխվել քաղաքական և բանակցային հարթություն, որտեղ, ավաղ, Էրբիլի դիրքերը էականորեն թուլացել են՝ պայմանավորված անկախության հանրաքվեի անցկացմամբ, որն ինչպես ներիրաքյան, այնպես էլ տարածաշրջանային համատեքստում փաստացիորեն զրոյացրեց հատկապես վերջին 4 տարիների ընթացքում քրդական կողմի արձանագրած զգալի ձեռքբերումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել