Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀՀ նախագահը պայմանավորվածություն է խախտել՝ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ դրույթները։ Փաստացի, Սարգսյանը ոչ մի արտառոց բան չի ասել, համենայն դեպս, չի ասել մի բան, որը մինչ այդ հասարակությունը, քաղաքական շրջանակները չգիտեին, ավելին՝ հայտարարել էր, որ Ալիևն էլ հստակ գիտակցում է, թե ինչ դժվար խնդրի առաջ են կանգնած կողմերն, ու լուծումը հեշտ չի լինելու։ Սրա մեջ, ինչպես տեսնում եք, արտառոց ոչինչ չկա։ Այլ բան է, որ միգուցե հանդիպման ընթացքում ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, իրական պայմանավորվածություն, և Ադրբեջանի համար Սարգսյանի խոսքն ընդամենը պատրվակ էր, որպեսզի նրա վրա բարդի ամբողջ մեղքն ու հերթական անգամ խուսափի պատասխանատվությունից։ Այն, ինչ այօր տեղի է ունենում բանակցություններում Ադրբեջանի կողմից, այլ կերպ, քան կապրիզ անվանել, չենք կարող։ Սա գալիս է արձանագրելու մեկ բան՝ բանակցություններն իրավամբ մտել են փակուղի, և թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի նախագահներն իրենց սկզբունքային դիրքորոշումից չեն նահանջելու։ Թե որն է սրա այլընտրանքը, կարծում ենք՝ ընթերցողն արդեն հասկացավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել