ԵՄ-ՀՀ քաղաքական համաձայնագրի հրապարակումը հանրության շրջանում բազմաթիվ քննարկումների առիթ է տվել, ինչը հիմնականում կապված է հետևյալ մտքի հետ՝ իրականում ինչո՞ւ հրապարակվեց փաստաթուղթը, երբ այն ստորագրվելու էր մեկ ամիս հետո: Սովորաբար նման տեքստերը հրապարակվում են հենց ստորագրման օրը, սակայն, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու, առհասարակ, աշխարհաքաղաքական կոնյուկտուրան, փոխադարձ համաձայնությամբ այն հրապարակվեց: Առհասարակ, փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ դրան կողմ են լինում: Հետևաբար այս պարագայում և՛ հայկական, և՛ եվրոպական կողմը տվել է հրապարակման իր համաձայնությունը: Հաշվի առնելով 2013 թվականի դեպքերը և այն, որ Հայաստանն ի վերջո կանգնեց ընտրության առաջ՝ ստորագրել ասոցացման պայմանագիրը, թե ԵԱՏՄ մտնել, պարզ է դառնում, որ նախորդ անգամվա սխալը չկրկնելու համար է նաև արվում այս քայլը: Հրապարակման իրական շահառուն միայն հայ հանրությունը չէ, որն անտեղյակ է 2013 թվականի ասոցացման համաձայնագրի տեքստից, այլ՝ նաև ռուսական կողմը, որին կարծես թե ժեստ է արվում՝ եթե կան հարցեր, որի հետ ռուսները համաձայն չեն, այս մեկ ամսվա ընթացքում դրանք պետք է ի հայտ գան, որից հետո համաձայնագրի ստորագրումը միգուցե նոյեմբերից տեղափոխվի տարվա վերջ, այսինքն՝ ստորագրումը դառնա զուտ ժամանակի հարց, այլ ոչ թե չեղարկվի, ինչպես նախորդ անգամ: Հետևաբար, մեզ մնում է սպասել ևս մեկ ամիս, մաքսիմում երկու՝ հասկանալու համար՝ ի վերջո Հայաստանին հաջողվում է, լինելով տնտեսական ու քաղաքական մի բլոկի մեջ, քաղաքական համաձայնագիր ստորագրել մյուսի հետ, թե ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել