ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագիծ-առաջարկով: Դրա շրջանակներում առաջարկվում է Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի "տոհմածառը", որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից: Դեռևս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չհաղթեց:

     Ազգերի "տոհմածառ" ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ "տոհմածառում" Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն "Armenia" և "Ararat": Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն:

         Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաև ունի տուրիստական, գիտական, կրթական և մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ "Ազգերի օգնության ֆոնդ", որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է, որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել