Կայծակնային պատերազմի արդյունքում Իրանի աջակցությամբ գործող Իրաքի «Ժողովրդական աշխարհազորի» շիայական «Ո՜վ, Հուսեյն» կարգախոսով դրոշների հայտնվելը Բաղդադի և Էրբիլի միջև վիճելի համարվող գրեթե բոլոր տարածքներում և քրդական փեշմարգայի ամոթալի նահանջը հանգեցրել են Քրդստանի տարածաշրջանում ներքրդական խոշոր պառակտման:

Դրա հետևանքով Էրբիլն արդեն իսկ կորցրել է ոչ միայն վիճելի տարածքների նկատմամբ վերհսկողությունը, այլ նաև Քրդստանի տարածաշրջանի գրեթե կեսը կազմող այն հատվածը, որը ենթակա է «Քրդստանի հայրենասիրական միությանը», քանի որ այդ կուսակցության ղեկավարությունը, ըստ ամենայնի, գաղտնի դաշինքի մեջ է մտել իրանամետ ուժերի հետ:

Վերջին օրերի կայծակնային ռազմական գործողությունների և դրան նախորդած ինտենսիվ անդրկուլիսային աշխատանքի արդյունքում իրանական ազդեցությունը ոչ միայն աճելի է Իրաքի ոչ քրդական կամ խառը բնակչություն ունեցող շրջաններում, այլ նաև աննախադեպ չափերի է հասել հենց Իրաքի Քրդստանի արևելյան՝ Իրանին հարող տարածքներում, ինչի արդյունքում իրանցիները ոչ պաշտոնական միջավայրում տեղին հպարտությամբ հայտարարում են, որ, իրենց խոսքերով, «Քրդստան իսրայելական նախագիծը» տապալել են ընդամենը երկու շաբաթում:

#Քրդստան #Իրան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել