Tert.am-ը գրում է.

«Լինքս» ընկերության ղեկավար, Եվրամիության աջակցությամբ ստեղծված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող Եվրոպական գործընկերության» ծրագրի գործընկեր Դենիս Սամութի խոսքով՝ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը կարևոր էր, քանի որ ապահովում էր բանակցությունների վերադառնալու գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար Ժնևից միակ իրատեսական սպասումը դա էր, ինչն էլ իրականացավ: 

«Անցած 18 ամիսները շատ բարդ էին Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի համար: Լարվածություն կար շփման գծում, և կողմերը փոխադարձ միմյանց վիրավորում էին մեդիայով»,- հիշատակեց նա: 

Դենիս Սամութը շատ դրական համարեց, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար ջանքեր գործադրելու ուղղությամբ: 

«Այդ ամենօրյա միջադեպերը ոչնչի չեն բերում, դրա միակ հետևանքը մարդկային կյանքի կորուստն է, հատկապես երիտասարդ զորակոչիկների շրջանում: Դա պետք է դադարի»,- ասաց նա: 

Դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններն առաջիկայում կլինեն ոչ թե սահմանում լարվածությունը թուլացնելու, այլ խնդրի կարգավորման տարբերակները քննարկելու շուրջ, Դենիս Սամութը պատասխանեց․ «Դուք ամեն դեպքում ճիշտ եք, հրադադարի ռեժիմի պահպանումը չէ առանցքային խնդիրը: Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է՝ սկսվել է որպես էթնիկ հակամարտություն, սակայն շատ շուտով դարձել է խնդիր երկու երկրների քաղաքական էլիտաների միջև: Հաճախ այդ էլիտաներն իրենց էներգիան են ծախսում՝ սևեռվելով մեծ քաղաքական գաղափարների վրա և մոռանալով, որ այդ հակամարտության պատճառով հարյուր հազարավոր հայեր և ադրբեջանցիներ շարունակում են տառապել ամեն օր: Այդ տառապանքը վերացնելը պետք է դառնա առաջնահերթություն։ Խնդրի լուծումը կարող է հիմնված լինել ապահովության, անվտանգության և բարգավաճման միջոցների տրամադրման հիման վրա: Սա է մարտահրավերը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել