Ինչպես և կանխատեսվում էր, Սարգսյան-Ալիև բանակցություններում բեկումնային ոչ մի զարգացում տեղի չունեցավ։ Դատելով թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ի, թե՛ Սերժ Սարգսյանի հայտարարություններից՝ միակ բանը, որը կարելի է համարել այս բանակցությունների արդյունք, այն է, որ ոչ մի ռադիկալ հետընթաց չկա, վաղվանից տուրուդմփոց չի սկսվելու սահմանում։

Այս մասով դժվար թե որևէ մեկն անակնկալի է եկել, որովհետև, մեծ հաշվով, թե՛ փորձագիտական հանրությունը, թե՛ շարքային քաղաքացիները մեծ ակնկալիքներ չունեին՝ կապված հանդիպման արդյունքների հետ։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն սրա հարակից զարգացումները, որովհետև հայկական կողմն արդեն բաց տեքստով ասում է, որ եթե պետք է մի քանի ժամ ոչնչի շուրջ բանակցեն ու հանդիպեն հանդիպելու համար, ապա մեզ այդպիսի բանակցություններ պետք չեն։

Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ բանակցություններում ցանկացած պրոգրես մեր կողմը պայմանավորում է առնվազն վստահության գործոնով, որը ներկայումս ունի հստակ ձևակերպում՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում։ Հիմա Ալիևը կրկին խուսանավեց իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, և Հայաստանը կոնկրետ ակնկալիքներ ունի միջնորդներից, ու կախված նրանից, թե աշխարհաքաղաքական որ կողմն ավելի մեծ հետևողականություն կդրսևորի Ադրբեջանին սանձելու կամ էլ հայկական կողմի պահանջմունքները կոմպենսացնելու հարցում, դեպի այդ կողմն էլ կթեքվի Հայաստանի աշխարհաքաղաքական օրիենտացիայի նժարը։ Ասել է, թե՝ ԵՄ-ն իրեն ավելի «լավ» պահի, ապա կստորագրենք շրջանակային համաձայնագիրը, Ռուսաստանն ավելի «լավ» պահի, չենք ստորագրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել