Երբ հիշատակում ենք մահմեդական կանանց, միանգամից պատկերացնում ենք ողջ մարմինն ու գլուխը սև կտորներով ծածկած կնոջ: Արդյոք նրանց՝ այդպես հագնվելու պատճառը միմիայն կրո՞նն է, թե՞ այլ պատճառներ ևս կան: 

Գեղեցկությունը

Թվում է, թե կինը չի կարող գեղեցիկ երևալ, եթե նրա ողջ մարմինն ու գլուխը ծածկված են սև հանդերձանքով: Սակայն դա միայն մեր՝ արևմուտքի մարդկանց կարծիքն է: Իրականում մահմեդականները «գեղեցկություն» հասկացությունը ամբողջովին այլ կերպ են ընկալում: Գեղեցկությունը նրանց համար շոշափելի և նյութական մի բան է, որն ունի սեփական արժեքը: Եթե կինը հենց այնպես ցուցադրում է իր գեղեցկությունը, ապա նրա «արժեքը» տղամարդկանց աչքերում նվազում է:

Նրանց պատկերացմամբ՝ կնոջ գեղեցկությունը տեսնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել՝ ամուսնանալ նրա հետ և ապահովել ամեն ինչով: Ըստ նրանց՝ այս կերպ նաև բարձրանում է կանանց ինքնագնահատականը: Եթե մահմեդական կինը ծածկող հագուստ է կրում, ապա դա նրան պակաս հասանելի է դարձնում, առավել գնահատելի և հարգանքի արժանի:

Կանանց կարծիքը

Այո՛, իսլամական երկրներում ուժեղ են սովորույթներն ու հասարակության ազդեցությունը: Դա հասկանալի է: Իսկ ի՞նչ է պատահում, եթե կինը «փոխում է» հասարակությունը: Ինչո՞ւ են մահմեդական կանայք ծածկող սև հագուստ կրում անգամ այն դեպքում, եթե Եվրոպայում են գտնվում:

Ամուսնացած կանանց մի մասը իր՝ հիջաբ կրելը բացատրում է նույն կերպ, ինչպես և իր հայրենակիցները՝ կրոնական ազդեցություն, ուժեղ սովորույթներ, հասարակության կարծիք, ամուսնու հետ հարաբերություններ: Մի մասն էլ այս երևույթի մեջ ինքնահաստատման հնարավորություն է տեսնում, չի ցանկանում մոռանալ իր մշակույթը:

Առավել հետաքրքիր տեսակետներ են արտահայտում չամուսնացած աղջիկները, որոնք, չնայած որևէ ճնշման առկայության, նորից ծածկող հագուստ են կրում: Նրանք նվաստատուցիչ են համարում այն հանգամանքը, որ իրենց արտաքին տեսքը կարող է քննարկան առարկա դառնալ կամ գնահատականի արժանանալ որևէ անծանոթի կողմից: Կարևոր չէ՝ կլինի դա կին, թե տղամարդ. ոչ ոք իրավունք չունի նրանց դատելու:

Երիտասարդ շատ աղջիկներ էլ մտածում են, որ եթե ծածկող հագուստ կրեն, ապա իրենց կդատեն միայն խելքով և կարողություններով, այլ ոչ թե ֆիզիկական տվյալներով:

Կրոնն ու հասարակությունը

Իսլամական հասարակության մեջ կրոնը հսկայական դեր ունի: Ղուրանի՝ մահմեդականների սուրբ գրքի համաձայն՝ կինը պետք է իրեն ձիգ պահի և չցուցադրի իր գեղեցկությունը ոչ ոքի՝ բացի իր սեփական ամուսնուց:

Մահմեդականները հասկանում են, որ այս երևույթը այնքան էլ տրամաբանական չէ: Սակայն այն վայրկյանին, երբ դրա մասին քննարկումներ են սկսում ընթանալ, քննադատություններ են սկսվում առավել պահպանողականների՝ ծնողների և տղամարդկանց կողմից: Վերջիններիս ճնշումն այնքան մեծ է, որ կանայք անգամ չեն էլ փորձում ինչ-որ բան փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել