Հոկտեմբերի 16-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Միանսյանը ուսանողների հետ հանդիպման պատրվակով մամլո ասուլիս էր կազմակերպել ՇՊՀ-ում, որը շատերի, այդ թվում՝ նաև լրագրողների կողմից բնութագրվեց որպես շոու: Ասեմ, որ շոուի ռեժիսորը դիլետանտ է, իսկ դերակատարը՝ էլ ավելի վատը: 
Նախ՝ զարմանալի էր, որ պարոն Մինասյանն իր խոսքի սկզբում հայտարարեց, որ իր՝ ռեկտոր նշանակվելուց երկու ամիս հետո իր վրա «գրել» են, բայց հատուկ շեշտեց, որ դրանց հեղինակները ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակի հեղինակները չեն: Իսկ այդ նամակների մեջ պարունակվող ինֆորմացիան գրեթե կրկնում է այն, ինչ մենք բարձրաձայնում ենք հիմա: Սրանից ավելի զավեշտալի բան պարոն Մինասյանը չէր էլ կարող հնարել: Այսինքն` մեկուկես տարի առաջ գալով իշխանության՝ պարոն Մինասյանն այդ ժամանակ արդեն մտածել էր բուհում ներդնել Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցումը, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը կրճատել 50 տոկոսով, աստղաբաշխական աշխատավարձեր տալ յուրայիններին, ոչնչացնել գրադարանային ֆոնդի կեսից ավելին, անիմաստ և ոչ անհրաժեշտ շինարարություն կազմակերպել, որի արդյունքում բուհը կանգնած է ֆինանսական ճգնաժամի առաջ և այլն: Ու հիմա, պարզվում է, այդ անանուն նամակ գրողները մեզ տեղեկություններ են տալիս: Ըստ պարոն Մինասյանի`այդ անանուն նամակագիրները «նոստրադամուսներ» են եղել և կռահել են, թե իրենց նամակից մեկուկես տարի անց՝ 2017 թ-ի օգոստոսի 25-ին, ռեկտոր Մինասյանն ինչ ապօրինի որոշումներ կստորագրի որպես բուհի գիտխորհրդի նախագահ: Մեր բարձրաձայնած ապօրինությունները և բուհի հանդեպ գործած հանցագործությունները ռեկտորի կողմից իրականացվել են ընդամենը վերջին 4-5 ամիսներին: Խղճուկ էին պարոն Մինասյանի փորձերը՝ ապացուցելու, որ բուհի դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 33 միլիոն դրամ: Հետաքրքիր է, բա ինչո՞ւ պարոն Մինասյանն այդ մասին հիշեց մեր նամակի հրապարակումից երեք շաբաթ անց: Հիշելուց էլ ապատեղեկատվություն էր տարածում թվերի մասով: 
Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի մանրամասներ Համաշխարհային բանկի կողմից դահլիճում իրականացվող ծրագրի (ԾԻԳ-ով) մասին: Այս տարի ԾԻԳ-ից հատկացվել է 63 000 000 դրամ, իսկ համալսարանի բյուջեից՝ 11 177 000 դրամ: 
ԾԻԳ - 63 միլիոն դրամ
ՇՊՀ - 11 177 000 դրամ (մոտավորապես 18 տոկոս համաֆինանսավորում), որից
աշխատանքի վարձատրություն - 612000 դրամ 
գրասենյակային ծախսեր - 192000 դրամ
տպագրական ծախսեր - 52000 դրամ 
ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 2280000 դրամ
այլ ծախսեր - 30000 դրամ 
ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերում - 7468000 դրամ 
ոչ նյութական ակտիվների ձեռքբերում - 543000 դրամ

ընդամենը՝ 11 177 000: 


Վերոնշյալն ուղղված է ԾԻԳ-ի տրամադրած և համալսարանի կողմից իրականացվող համաֆինանսավորմանը: Հենց սրանով է պայմանավորված, որ բազմաթիվ հարցազրույցներում մենք երկու թիվ ենք նշել՝ 100 (առանց համաֆինանսավորման) և 118 միլիոն դրամ (համաֆինանսավորմամբ): Ռեկտոր Մինասյանի կողմից բարձրաձայնած այլ թվերը ապատեղեկատվություն են: Զարմանալին այն է, որ բուհի կայքից անհետացել են համալսարանի 2017 թ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև գիտական խորհրդի արձանագրությունները, քանի որ սեպտեմբերի 25-ի գիտխորհրդի ժամանակ, որին ներկա են եղել նաև բազմաթիվ ուսանողներ, պարոն Մինասյանը բոլոր ներկաներին իրազեկել է, որ բուհի բյուջեից մոտավորապես 100 միլիոն դրամ ծախսվել է դահլիճի վերանորոգման համար, իսկ 18 միլիոն դրամն էլ՝ որպես համաֆինանսավորում: Մեր ձեռքի տակ եղած նախահաշվում նախատեսված է 86 միլիոն դրամ, որը, բնականաբար, փոփոխության է ենթարկվել և հասցվել է մինչև 100 միլիոն դրամի: Բուհի համար ամենակարևոր փաստաթղթերը եկամուտների և ծախսերի նախահաշիվներն են, գիտխորհրդի և հոգաբարձուների խորհուրդների արձանագրություններն իրենց հավելվածներով, որոնք, սակայն, ՇՊՀ-ի կայքից անհետացել են: Որքան կարելի է կռահել, ԿԳ նախարարության հանձնախմբի այցի օրվանից պարոն ռեկտորը սկսեց իր անօրինականությունների պարտակումով և սխալների ուղղմամբ զբաղվել: Իսկ հիմա էլ, որքան հասկանալի է, անցել է կարևոր փաստաթղթերի կեղծմանը: Հիմա նոր եմ հասկանում, թե բուհի հաշվապահության աշխատակիցներն ինչու էին երեկոյան ուշ ժամերին նոր տուն գնում: Երևի դրանով է նաև պայմանավորված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի լռությունը: Սպասում է, թե երբ է ռեկտոր Մինասյանն ավարտելու իր սև գործը: Կեղծիքները շատ արագ կբացահայտվեն մեր կողմից:
Հաջորդ կետը, որին ուզում եմ անդրադառնալ, ԿԳ նախարարության կողմից բուհին տրամադրված բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի կոպիտ խախտումներն են: Պարոն ռեկտորը հպարտ հայտարարեց, որ մենք ոչ մի հիմնական աշխատող չունենք: Շատ լավ: Ստացվում է, որ լիցենզիան ստանալու համար գոյություն չունեցող մասնագետների անուններ եք գնել և այդ կեղծիքի միջոցով ստացել եք լիցենզիաները: Ուրիշ տարբերակ չկա, քանի որ այդ 3 հիմնական աշխատողների անունները լիցենզիայում ներառելը պարտադիր է: Եթե նույնիսկ այդպես էլ եք ստացել լիցենազիան, ապա դրանից հետո էլ եք կարգը խախտում, քանի որ սոցիոլոգիա, քաղաքագիտություն, համակարգչային գրաֆիկա, իրավագիտություն և այլ իրականացվող կրթական ծրագրերում չի պահպանվում լիցենզիայի պահանջը՝ համապատասխան քանակությամբ, նվազագույնը 3 գիտթեկնածու մասնագետներ այս պարագայում էլ չունեք: Զավեշտալին այն է, որ ուսանողներին հուզող բարձ ՄՈԳ ունեցողների զեղչերին «միամիտ» մամլո ասուլիս կազմակերպած ռեկտորը շատ հպանցիկ անդրադարձավ, քանի որ կրկին չի կատարելու իր խոստումը: Վերջին տվյալների համաձայն՝ պարոն Մինասյանը որոշում է ընդունել, որ զեղչվելու են այն ուսանողների վարձավճարները, որոնց ՄՈԳ-ը 86-ից բարձր է: Իսկ զեղչն էլ կազմելու է ընդամենը 20 տոկոս: Նախորդ տարիներին զեղչվում էին 71-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները, որոնցից շատերի զեղչերը 50-80 տոկոս էր կազմում: Համալսարանը գրեթե սնանկացրած ռեկտորը անտրամաբանական շինարարություններ է անում, որոնց վրա ծախսում է հարյուրավոր միլիոն դրամներ և դա անում է սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող Շիրակի մարզի մայր բուհում սովորողների հաշվին: Պարզվում է, ըստ Մինասյանի, ուսանողները թող առանց զեղչի մնան, բայց ճաշեն 25 միլիոն դրամ արժողությամբ բուֆետում: Զավեշտները շարունակվում են: Մյուս՝ մանր-մունր հարցերին չեմ էլ անդրադառնա: 
Ինչպես ասում են, ավելի լավ է լռել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել