Armtimes.com-ը գրում է.

Հանրապետության որոշ շրջաններում կանխատեսված ուժգին քամու պատճառով դպրոցներից զանգահարում կամ լուր են ուղարկում ծնողներին, որ նրանք անձամբ գնան եւ երեխաներին տուն տանեն՝ նշելով, որ աշակերտներին թույլ չեն տալու մենակ դուրս գալ փողոց:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դպրոցները նման հանձնարարական են ստացել վերադաս մարմիններից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ բանավոր հանձնարարական եղել է ինչպես նախարարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Նրա խոսքով, դպրոցներից պահանջվել է թույլ չտալ, որ քամու ընթացքում երեխաները գտնվեն դրսում: Տարրական դասարանների դեպքում, քանի որ սովորողները շուտ են ավարտել դասերը, դասվարներից պահանջվել է հեռախոսակապի միջոցով անպայման համոզվել, որ երեխաներն արդեն տանն են:

Աշոտ Արշակյանը նշեց, որ եթե անգամ երեխաներին, դասերը չավարտած, տուն են ուղարկում, խնդիր է, որովհետեւ նրանց առողջությունն ու անվտանգությունն ավելի կարեւոր են: «Եթե նույնիսկ մի մասը տուն է գնացել, բաց թողնված դասաժամերը հետո կլրացվեն»,- ասաց վարչության պետը:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է հանրապետության երեք՝ Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում կանխատեսվող ուժգին քամու մասին՝ 25-30 մ/վ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել