Քանի որ շատ կարևոր հարց է ու դեռևս ժամանակ առ ժամանակ շարունակվում է փաստարկվել, որ Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, մի քանի դիտարկում:

Նախ՝ փոխանակ իշխանության կարկառուններն ընդունեն, որ սխալվել են՝ նման հայտարարություն անելով, շարունակում են մտնել բանավեճի մեջ ու դրա վերաբերյալ փաստարկներ պեղել: Այսինքն՝ ի՞նչն եք փաստարկում, թե ինչքան անկարող է ձեր ստեղծած անվտանգության համակա՞րգը, թե՞ ինքներդ ձեզ անվստահություն եք հայտնում:

Ասենք, թե Հայաստանը միայնակ չի կարող դիմագրավել Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքներին, բայց արդյո՞ք դա ենթադրում է, որ պետք է դրա մասին ուղղակի հայտարարել, այն էլ ստեղծված արտաքին քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում:

Հայաստանը շատ բան չի կարող անել արտաքին ասպարեզում, դե, հայտարարեք դրա մասին, ասեք՝ է՞լ ինչի է անընդունակ մեր պետությունը: Սա մեր գոյապահպանական շահին վերաբերող խնդիր է, մի՞թե անհրաժեշտություն կա անպատեհ խոսքերով այն դնել հարվածի տակ:

Երկրորդ՝ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը՝ դրանով փորձելով կանխել ագրեսիան վերջինի դեմ, սակայն նման հայտարարությունը ոչ մի կերպ չի տեղավորվում կանխարգելման տրամաբանության մեջ:

Եվ երրորդ՝ թերևս, ամենակարևորը. մենք, բացի «անվտանգության սպառող» երկիր լինելուց, նաև «անվտանգություն արտահանող» ենք: «Անվտանգության արտահանումը» միջազգային հարաբերություններում բավական լուրջ գործոն է: Դա ցույց է տալիս, որ տվյալ երկիրն այնքան լավ է սպառազինված, այնքան կազմակերպված ու մարտունակ բանակ ունի, մի խոսքով՝ անվտանգության այնպիսի համակարգ ունի, որն ունակ է այդ անվտանգությունը տարածելու այլ սուբյեկտների վրա էլ:

Ուզում եմ շեշտել՝ ՀՀ-ն «անվտանգություն արտահանող երկիր է», գոնե այդպիսի երկրին վայել պահված ցուցաբերեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել